Ինչ էլ անես, ինչ բարձունքների էլ հասնես, կարևորը՝ ՄԱՐԴ մնալն է: Միայն
ուրախ ու հպարտ եմ, որ իմ, մեր շրջապատում, ՀԱՅ ազգի մեջ էլ կա ՄԱՐԴ, ով ՄԱՐԴ Է ՄԵԾԱՏԱՌՈՎ՝
ոչ միայն իր գործով, այլև՝ անհատականությամբ: Խոսքը, տվյալ դեպքում, նկարիչ Տիգրան
Հակոբյանի՝ հանրահայտ t!Qs-ի մասին է, ով վերջերս է վերադարձել եվրոպական շրջագայությունից,
որտեղ կազմակերպվել էր իր աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ֆրանսիայում անցկացրած
օրերի , ցուցահանդեսների և Տիգրանից անպակաս արկածների մասին ծանոթացեք ստորև ներկայացված
զրույցում: ՇԱՏՏՏՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է J
-Տիգրան, սկսենք օդանավակայանից: Մինչ
Ֆրանսիա մեկնելդ մեր հարցազրույցի ժամանակ նշեցիր, որ չգիտես, թե քեզ ինչ է այնտեղ
սպասվում, հիմա արդեն գիտես, խնդրում եմ, կիսվիր նաև մե՛զ հետ:
-Մինչ գնալս շատ-շատ խորհուրդներ
էին տվել Փարիզի օդանավակայանի հետ կապված, որ շատ զգույշ լինեմ, չկորչեմ, հեռախոսիս
ռոումինգ ծառայությունն ակտիվացնեմ… Ինքնաթիռից իջնելուց հետո մեկուկես ժամում պետք
է հասցնեի գնալ արագընթաց գնացքի կայարան: Իսկ ես հանգիստ, մտածում եմ մեկուկես ժամ
ունեմ, կհասցնեմ, գտնելն էլ դժվար չի լինի: Բայց պարզվեց, որ հեռախոսիս հետ խնդիրներ կային և ռոումինգը չմիացավ: Երբ ինքնաթիռում
հաղորդեցին, որ վայրէջք ենք կատարում, ուրախացա, բայց այդ վայրէջքը… (ծիծաղում
է) Ինքնաթիռն իջել էր, բայց դեռ գնում
ու գնում էր… այն տպավորությունն էր, որ այնտեղի օդանավակայանը Երևանից մեծ է, ապշել
էի:
Հիշում էի ընկերներից մեկն ասել էր, որ հետևեմ պատերի
ցուցանակներին, որ իմանամ ուղեբեռը որտեղից ստանամ ու ես մոտ 50 րոպե դրա ետևից էի
գնում: Այստեղից այնտեղ էի գնում, բոլորը վազում էին, այնքան շատ մարդ կար, այդպիսի
բան չէի տեսել, խուճապ էր բոլորի՛ մոտ: Պարզվեց, որ ինչ-որ մետրոյի, թե գնացքի պետք
է սպասեմ, որ դրանով գնամ ուղեբեռս վերցնեմ: Մեծ հերթ էր և դրա պատճառով առաջին գնացքից
ուշացա երկու ժամով: Հեռախոսս չէր աշխատում, իսկ ֆրանսիացիներից ոչ-ոք քեզ իր հեռախոսը
չի վստահի. մտածում են, թե կգողանաս: Նույնիսկ ոստիկանները չեն տալիս: Շատ վատ վիճակում
էի, չգիտեի, չէի հասկանում ինչ անել, մի բան էի հարցնում, ուրիշ բան էին ցույց տալիս.
այնտեղ ոչ-ոք սրտացավ չէ, կուշանաս, չես ուշանա, ոչ մեկին հետաքրքիր չէ: Երևանում առավոտյան
նստել եմ ինքնաթիռ 8 անց 30 և տեղ եմ հասել 15 ժամ հետո…
Կայարանից երբ դուրս եկա, տոմս գնեցի չգիտեմ էլ որ ուղղությամբ,
բայց այն հույսով, որ ճիշտ կգնամ… ինձ սպասում
էին, բայց հեռախոս չունեի, որ կապ հաստատեի իրենց հետ: Հետո հիշեցի, որ սրճարանում,
եթե ասեմ, մատուցողներն ուզած-չուզած կտան հեռախոս: Մտա մի սրճարան, ջուր պատվիրեցի
և հեռախոս: Բերեցին բավական արագ: Զանգեցի ու… ինքնապատասխանիչը միացավ ու այդտեղ ինֆակտը
խփեց ինձ (ծիծաղում է): Շոկի մեջ էի,
ջուրը խմեցի և գնացի լվացվելու: Դուրս եկա ու տեսա մատուցողը հեռախոսը ձեռքին կանգած
է դռան մոտ, հետ էին զանգել: Խոսեցի, մի կերպ բացատրեցի, հեռախոսը տվեցի մատուցողին,
իրեն բացատրեցին, թե ինչ պետք է արվի: Ինքն ինձ համար տոմս առավ, իմ գնածը ետ վերադարձին,
որովհետև բոլորովին այլ ուղղությամբ էի վերցրել: Երկու ժամ սպասեցի կայարանում: Երկու
անգամ պետք է տեղափոխություն կատարեի, շատ արագ էին շարժվում ու պետք է հասցնեի՝ վեշերով,
նկարներով…. Խուճապի մեջ չէի նկատում Փարիզի գեղեցկությունը:
Գնացինք Վաղս՝ լեռներ, գիշերը
տեղ հասանք: Հովանավորս եկավ դիմավորեց, այդ ժամանակ նոր սկսեցի նկատել ճանապարհին
վազող եղնիկներին, աղվեսներին… զգացի, որ ինչ-որ հրաշք տեղ եմ ընկել: Փայտից սարքած
շատ գեղեցիկ տներ էին, իսկ ես այնքան հոգնած էի, որ առանց հաց ուտելու միանգամից քնեցի: Հաջորդ օրվանից
արդեն սկսվեցին ցուցահանդեսի պատրաստությունները… Որ ասեմ հանգստացել եմ Ֆրանսիայում,
չէ՛, հանգիստ չի եղել: Ամբողջ ընթացքում այստեղից այնտեղ ենք վազել՝ կազմակերպչական
հարցերով, նկարները քննադատողների մոտ տանելով, որ կարծիք հայտնեին և նկարներին գին
որոշեին: Եղել եմ Փարիզում, Մարսելում, Լիոնում, Նարպոնում, Գրենոբլում: Ցուցահանդեսը
շատ լավ անցավ, Ալպերի մարդիկ էին շատ գալիս, քաղաքապետը եկավ կնոջ հետ: Քիչ նկարներ
վաճառեցի, չէի ուզում: Աքսեսուարներ էի տարել՝ իմ աշխատանքներով, դրանք շատ արագ վաճառվեցին:
Ռեստորաններ կային, որ գնեցին ու մինչև հիմա էլ ցուցադրում են:
Փարիզում էր շատ հետաքրքիր:
Խմբերով ենք աշխատել: 4-5 հոգու տալիս էին մի սենյակ և պետք է սենյակը զարդերեինք նկարներով:
Մի նկարի վրա 15 րոպեից ավել չէինք կարող աշխատել, նկարում էինք, հետո շարունակում
ուրիշ նկար, իսկ մի ուրիշն էլ քո սկսածն էր ավարտին հասցնում և այդպես շարունակ: Ադրենալին
էր: Մուտքի մոտ փոս էինք փորել ու մեջը շատ կոպեկներ լցրել: Մարդիկ չգիտեին ու գալիս
ընկնում էին փոսի փողերի մեջ: Այդպես Positiv-ով անցկացրեցինք ցուցահանդեսը: Շատ լավ
մասնագետներ կային, շատ բան սովորեցի: Շատ ցուցահանդեսների եմ գնացել, մոտ 30 ցուցասրահ
եմ այցելել: Ու այնքան էի գերհոգնել, որ, երբ Մարսելում նավ նստեցի, քնեցի (ծիծաղում
է):
Փարիզը շատ հավանեցի, չէի ապրի այնտեղ, բայց հանգստանալու
համար հրաշք տեղ է, շատ ռոմանտիկ քաղաք: Ամանհրաշք տեղերից էր Café de Flore-ը: Այդ
սրճարանի մասին շատ էի լսել և անպայման ուզում էի գնալ այնտեղ: Ասում են` այդ սրճարանն
իր մեջ միստիկ ինչ-որ բան ունի ու եթե հավատում ես, քեզ հետ մի բան անպայման լինում
է: Երբ գնացինք սրճարան, ասես փշերի վրա նստած լինեի, անընդհատ սպասում էի, որ հեսա
ինձ հետ մի բան պետք է կատարվի, բայց ոչ մի բան չէր լինում: Անկապ սրճարան, որ մնացածների
մոտ զրո է՝ կոպիտ ասած, սպասարկումը՝ սովորական, հազարից մեկ ժպտում են, սուրճն էլ
համեղ չէր: Սպասեցի, սպասեցի և վերջը եղավ այդ ՀՐԱՇՔԸ… ոչ մեկի մոտ չեմ բարձրաձայնել
դրա մասին, ամենից շատ դրանից եմ տպավորվել:
-Իսկ ի՞նչ հրաշքի մասին է խոսքը:
-Ուրիշ օրինակներ կարող եմ
բերել, բայց իմը չեմ կարող պատմել (ծիծաղում է): Գերբնական մի հրաշք էր,
գիտեմ, որ բարձրաձայնեմ, ինքը մի տեսակ իրական կդառնա, դրա համար ուզում եմ իմ մեջ
մնա:
Պատմում են, որ պատերազմի
ժամանակ մի ընտանիքի սպանում են, իսկ երեխաներին գողանում: Փրկվում է միայն տատիկը:
Պատերազմից հետո տարիներ անց ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԱՅԴ ՏԱՏԻԿԸ կյանքի բերումով հայտնվելով Փարիզում՝
այցելում է Café de Flore: Հաճախակի գնում
է այնտեղ ու մատոցողի հետ շփվում: Նկատում է, որ նա հայկական դիմագծեր ունի, հարցնում
է. «Հա՞յ ես»: Մատուցողն էլ պատասխանում է, որ ինքն էլ չգիտի, թե ինչ ազգի ներկայացուցիչ
է ու պատմում է իր կյանքի մասին, տատիկն էլ իր մասին է պատմում ու պարզվում է, որ նրանք
տատ ու թոռ են և այդտեղից էլ առաջացել է այդ սրճարանի միստիկ լինելու ավանդույթը: Շատ
նկարիչներ ու գրողներ գնում են այնտեղ, որ մուսա ստանան:
-Հենց այդ հարցն էի ուզում տալ՝ եկա՞վ
քո մուսան:
-Հա, բայց դեռ չեմ հասցրել
այդ ամենը թղթին հանձնել: Մտքերով դեռ Փարիզում եմ:
-Տիգրան, արվեստին նորից կանդրադառնանք,
իսկ մինչ այդ՝ երբ ես գիտակացական կյանքում
արդեն առաջին անգամ Հայաստանից դուրս եկա, օդանավակայանից տուն գնալու ճանապարհին փողոցները
համամեմատում էի Երևանի փողոցների հետ և անգամ մի հատված նմանեցրի Սայաթ-Նովա փողոցի
հետ, հետաքրքիր է, Փարիզն ու Երևանն ինչ ընդհանրություններ ունեն:
-Այստեղ երևի շատերը չգիտեն,
բայց Փարիզը Երևանին շատ մեծ տեղ է տալիս: Այնտեղ Երևանին նմանվում է հենց Էյֆելյան
աշտարակի դիմաց գտնվող Jardin d'Erevan այգին,
որտեղ Կոմիտասի արձանն է: Կան նաև շատ հայկական թաղամասեր, փողոցներ, եկեղեցիներ: Ցեղասպանության
հիշատակի օրը մեծ երթ էին կազմակերպել մոմերով և քաղաքապատարանի դիմաց հավաքված շնորհակալություն
էին հայտնում Ֆրանսիային, որ ճանաչել է Ցեղասպանության փաստը: Այնտեղ անընդհատ հիշում
ես Հայստանը ու որ ասում ես հայ ես, ժպտում
են, հայերին շատ լավ են վերաբերվում:
-Իսկ դու ինքդ այդ թիթիզ ֆրանսիացիներին
սիրեցի՞ր:
-Ինչ-որ չափով հա: Սիրեցի
այն, որ իրենց կողքին ապրելը հեշտ է, բոլորը ժպիտով են, բացասական էներգիա չկա: Բայց
միևնույն ժամանակ գիտակցում ես, որ այդ ամենը ձևական է, դիմակներ են՝ ոչ իրական, ասես
ռոբոտներ: Լուրջ էմոցիաներ շատ քչերի մոտ տեսա: Իսկ ամենաշատը կարոտել էի հայկական
ջուրը, նաև ընկերներիս ու մայրիկիս: Ջուրն է մնացել միայն, որ հիմա շատ սիրում եմ,
մնացյալը Հայաստանում կարծես արդեն մերը չլինի: Մենք անգիտակցաբար կորցնում ենք ամեն
ինչ: Քաղաքի հին դիմագիծը չի պահպանվում: Ուզում ես գնալ, պայքարել, բայց արդյունք
չկա… Կոպիտ ասած՝ այսօր հայրենիքս իմը չէ: Ցավալի է: Տեսնում եմ Թեղուտի համար ինչպես
են երիտասարդները տանջվում, բայց դեռ վախ կա, որ իրենց ուզածը կանեն:
-Խոսեցիր հայրենիքից, կասե՞ս մեր հայրենիքից
ինչ ես տարել Ֆրանսիա:
-Հայրենքից տարել եմ հայակակն
գինիներ, ծխախոտ…
-Ծխու՞մ ես:
-Չէ, ես չեմ ծխում, բարեկամների
համար էր: Մեկ էլ շոկոլադ եմ տարել, բայց ոչ թե հենց շոկոլադի համար, այլ՝ Երևանի կադրերով,
հայկական դրամի նկարներով կոնֆետներ, մագնիսներ:
-Իսկ ի՞նչ բերեցիր այնտեղից: Համացանցում
տեսել եմ նվերների փաթեթներով նկարներդ:
-Շատ նվերներ եմ բերել, մեծամասամբ
հագուստ, կոշիկ: Նաև հուշանվերներ, Փարիզի հետ կապված աքսեսուքրներ, գրքեր՝ բնականաբար,
Հայոց Ցեղասպանության մասին գիրք կա, որը Ֆրանսիայում ամենաշատ վաճառվողներից է, այդ
գրքից եմ բերել:
-Կրկին վերադառնանք ցուցահանդեսին: Մինչ
գնալդ, ասեցիր, որ շատ կուզեիր լսել ֆրանսիացիների քննադատությունները քո աշխատանքների
մասին: Ի՞նչ կարծիքներ հնչեցին:
-Գիտես, սիրում եմ, երբ վատը
նշում են: Բայց այդպիսի ոչ մի բան չասեցին: Միակ վատն այն էր, որ ես իմ նկարները բավական
էժան էի գնահատել: Իսկ ահա Ֆրիդայի նկարը, այսպես ասած՝ այցեքարտ համարվեց, որպես ամենալավ
նկարը: Ֆրիդայի ամբողջ ցավը միայն մի ժեստով պատկերել եմ – ընդհանուր ուրախ նկար է
և վզի շուրջը փշալար: Շատ լավ կարծիքներ եղան, միակ խնդիրը ճոխ ներկայացնել կարողանալն
էր, բայց ես մինիմալիզմ էի ուզում՝ առանց շրջանակների, անգամ նկարներ կային, որ ուղղակի
պարանից կպցրած էր:
-Հետաքիքիր է ֆրանսահայերի հետ քո շփումն ինչպիսի՞ն էր:
-Լավ էր, տարբեր տեղեր էին
հրավիրել: Բայց հետաքրքիրն այն էր, որ ասում, ցույց էի տալիս ամսագրերում, կատալոգներում
տպագրված իմ նկարները, ինչն ինձ համար սովորական է, իրենց համար դա զարմանալի էր, իսկ
ես կարծում եմ, որ դեռ շատ բաների հասնելու տեղ ունեմ:
-Լուվրում եղե՞լ ես:
-Հա, իհարկե… Լուվրի հիշողությունները….
(ծիծաղում
է): Ոնց որ ինձ համար անիծված լիներ, երբ գնում էի՝ փակ էր: Վերջապես մի օր
կարողացա մտնել: Բայց ամբողջությամբ չկարողացա նայել, շատ մեծ էր: Փարիզ գնալ ու տեսնել
Լուվրը, նույնն է, ինչ Պետերբուգն ու Էրմիտաժը, ուղղակի Լուվրում չէին թողնում նկարվել:
-Անդրադառնանք նաև Էրմիտաժին, վայր, որտեղ,
իմ կարծիքով, յուրաքանչյուր արվեստագետ գոնե
մեկ անգամ պետք է այցելի: Ինքս մինչև հիմա տպավորված եմ, թեպետ միայն երկու ժամ անցկացրի
այնտեղ ու հետաքրքիր են քո տպավորությունները Էրմիտաժից:
-Շատ սրահներ չկարողացա մտնել,
ոնց պտտվում էի, նույն տեղն էի դուրս գալիս, բայց շատ բաներ կային, որ ուզում էի տեսնել
և տեսա: Լիքը-լիքը տպավորություններով ու նկարներով դուրս եկա այնտեղից: Շատ տեղեր
կան Պետերբուրգում, որ չհասցրեցի գնալ, բայց դե…. չի փախնում, կգնամ (ծիծաղում
է): Մոսկվայու՛մ իսկապես հանգստացա:
կարծում էի չեմ սիրի, բայց սիրեցի այդ քաղաքը, իսկ այ ռուսներին ՉԵ՛Մ ՍԻՐՈՒՄ (ծիծաղում
է):
-Լա՛վ, հետ գնանք Ֆրանսիա, Լուվրից բացի
էլ ի՞նչ պատմամշակութային վայրերում ես եղել:
-Notre Dame de Paris-ում,
(Փարիզի Աստվածամոր տաճարը) ինձ համար անհասկանալի մի եկեղեցի, տարօրինակ է, որ սատանաները պահպանում են եկեղեցին… պատմությունն եմ
ուզում ուսումնասիրել, որ հասկանամ:
Գրենոբլում ժայռի մեջ մի տեղ
կա, այնտեղ էինք գնացել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ամենաանկապն Էյֆելյան
աշտարակն էր: Լիոնը շատ հավանեցի, այնտեղ մեծ հաճույքով կապրեի, թեպետ երկու օր միայն
անցկացրեցի այդ քաղաքում:
-Գնացիր Ֆրանսիա, ցուցահանդեսներ ունեցար ու մեծ հաջողություններով
վերադարձար, հաստատ, համոզված եմ, մարդիկ կան, որ նախանձով են նայում հիմա քեզ: Ի՞նչ
արձաքանգներ են հասել քեզ:
-Կան, որ ասել են՝ «հա ինչ»:
Բայց գալուց հետո ամենևին էլ ինքանագովազդ չեմ արել, ո՛չ մի հարցազրույց չեմ տվել,
պարզապես նկարներով եմ կիսվել սուս ու փուս: Բայց դե մի քանի արտահայտվողներ եղան:
Մարդիկ կան, որ կարծում են, թե այն ամենին, ինչին հասել եմ, արժանի չեմ,
բայց ինչ արել եմ, ի՛նքս եմ արել: Իրենք են ինձ առաջարկել գնալ Ֆրանսիա, ես չեմ խնդրել: Նույնիսկ եղել է, որ համեմատել են հայկական սերիալների
դերասանի հետ, որ կրթություն չունեն, սակայն ինչ-որ բաների են հասնում, իսկ ես այնքան
եմ սովորել, այնքան նկարիչների մոտ եմ պարապել և այնքան շատ եմ նկարում, անգամ աշխատանքի
ընթացքում: Ես գիտեմ, որ շատ եմ աշխատում և հասել եմ այդ աստիճանին: Պարապ չեմ մնում
և հիմա 8 ժամից ավել քնելն ինձ համար երազանք է դարձել: Բայց դե ինչ անենք, թող խոսեն…
-Ասա՛ բոլոր այդ մարդկանց, որ դու դեռ
ավելիին ես հասնելու:
-Չեմ ձգտում ե՛ս ինչ-որ բաձրունքների
հասնեմ, իմ նկարներն են հասնում այդ բարձունքներին: Օրինակ՝ Ֆրիդայի նկարն ինձանից հայտնի է:
-Եթե մարդու մասին խոսում են, անգամ վատը,
ուրեմն ինքն իրենից արժեք է ներկայացնում:
-Ունեմ Comment’s book, որ
բացում, կարդում եմ մարդկանց գրածները, զգում եմ, որ իզուր չեմ նկարել, ցուցահանդես
կազմակերպել: Վերջերս էլ Թերլեմեզյանից
մի աղջիկ գրել էր, որ իր սիրած նկարչի մասին նյութ էին հանձնարարել ու ինքն ինձ էր
ընտրել: Փոքրիկ, գեղեցիկ նյութ էր ստացվել: Մի անգամ էլ երթուղայինում մի աղջկա հեռախոսի
էկրանին Դալլի նկարը տեսա, որ ես եմ նկարել:
-Սեփական փորձից կարող եմ ասել, որ քո
ցուցահանդեսից հետո իմ մուսան էլ էր եկել, թեպետ հիմա գնացել է…
-Գնացել ա՞, ես հետ կբերեմ
(ծիծաղում
է) կամ Café de Flore գնա:
-Կարոտու՞մ ես Փարիզը:
-Հա՜, շատ, շատ-շատ: Գիտես,
մարդիկ ասում են Փարիզ ու Էյֆելյան աշտարակը պատկերացնում, բայց էդ ինչա՞, թիթեղի կտոր: Այնտեղ միայն նկարվես ու դուրս գաս (վերջապես
մեկն, ով համակարծիք է ինձ հետ :ՃՃ):
Հայտնի մարդկանցից մեկն ասել է. «Ամբողջ Փարիզում սիրում եմ
միայն Էյֆելյան աշտարակի վրայի սրճարանը, որովհետև միայն այդ սրճարանից չի երևում Էյֆելյան
աշտարակը»: Երբ բարձրացանք, երազում էի, թե երբ պետք է իջնեմ: Միակ առավելությունն
այն է, որ այդտեղից ամբողջ քաղաքը երևում է: Փարիզի մետրոն ինձ ավելի՛ հետաքրիքր էր…
այնտեղ միշտ վազում են… Մի կամուրջ կա, ռոմանտիկ կամուրջ է, որտեղ կողպեքներ են կպցնում, ես էլ ինձ չկորցրեցի, մի հատ
էլ ես կպցրեցի:
-Փաստորեն, Փարիզը քեզ համար տոն դարձավ,
ինչպես Հեմինգուեյն է ասել:
-22 օր Ֆրանսիայում անցկացրեցի,
բայց այնպիսի տպավորություն էր, ասես ամիսներով այնտեղ ապրել եմ:
-Իսկ Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ
է» ստեղծագործությունը կարդացե՞լ ես:
-Չէ… բայց հետաքրքրեց:
-Այդ գիրքը Փարիզի մասին է և ուզում եմ
այն նվիրել քեզ և թող, որ Փարիզը քեզ համար էլ մշտապես տոն մնա:
(այստեղ շնորհակալություններ և այլն…. :ԴԴԴ)
-Քանի որ խոսք գնաց գրքերից, ի՞նչ խորհուրդ կտաս կարդալ:
-Միշտ հետաքրքրվում,
հետևում եմ, թե տվյալ պահին որ գրքերն են ամենաշատը կարդում աշխարհում և պարզեցի, որ հիմա ամենաակտուալներից մեկը «Пятьдесят оттенков серого» գիրքն Է (հեղինակ՝ Էրիկա Լեոնարդ Ջեյմս)
: Հիմա այդ եմ կարդում:
-Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
-Մեկնաբանությունները համացանցում,
որ տեսնես… ինչ ասես գրել են, մեծամասամբ՝
բացասական, քանի որ էրոտիկան շատ է այդ գրքում և շատ խորը նկարագրված:
Ասում են, որ այդպիսի գործերից
ամենագրագետը Կոելյոն է ներկայացրել իր
«11 րոպե» գրքում, բայց կարդալիս ինձ մոտ այն տպավորությունն էր,
ասես հեղինակը «կայֆավատ» է լինում ինձ վրա, իսկ «Пятьдесят оттенков серого»-ն շատ սիրեցի, շատ ճիշտ է նկարագրված «սադոմազո» սեռական
ուղղավածությունը, որը համարում էի հիվանդություն, բայց
գիրքը կարդալուց հետո որպես հիվանդություն չեմ ընկալում արդեն: Շատ հետաքրքիր պատմություն
է՝ երեք հատորով, 18+:
Խորհուրդ կտամ կարդալ նաև «Gatsby»-ին (հեղինակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ)
: Ֆիլմն էլ կա՝
Լեոնարդո դի Կապրիոն է դերակատարը, բայց գիրքը…. մի հրաշք: Ամենա-ամենամաքուր ու նվիրված սիրո մասին է, թե
մարդ ինչպես կարող է կուրորեն սիրել: Շատ կուզեմ կարդաս… չասեմ վերջում ինչ է լինում
(ծիծաղում
է): Սիրում եմ կարդալ նաև կոմիքսներ,
ինչն ինձ շատ է օգնում: Սևակ, Սիլվա Կապուտիկյան
(ի զարմանս շատերի), Տերյան եմ շատ սիրում, չեմ ուզում իմ միջից տերյանական վիճակը դուրս գա…
-Գիրք կարդալիս նկարելու մտքեր առաջանու՞մ
են:
-Գրքերից շատ եմ մուսա ստանում,
նաև մտածելակերպդ ու խոսք է փոխվում:
-Ո՞րն է քո սիրելի գրական կերպարը:
-Դորիան Գրեյի կերպարն եմ
շատ սիրում և Փոքրիկ իշխանը: Ինչու Դորիան Գրեյ - որովհետև իր կերպարն այնպես անմեղ է ներկայացված,
որ չես հասկանում արդյոք մեղավոր է, կամ ոչ… Բայց Փոքրիկ իշխանին չի անցնի, Փոքրիկ
իշխան FOREVER!
-Եվ վերջում, Տիգրան հիշում եմ, գնալուցդ
առաջ մեր զրույցում նշեցիր, որ գիտես հաստատ հիասթափություններ էլ կլինեն Ֆրանսիայում
կամ վերադառնալուց հետո: Եղա՞վ արդյոք այդպիսի դեպք:
-Այո: Ինչպես հիշում ես Փարիզում
ինձ սպասող կար, բայց ես իրեն այնտեղ
չհանդիպեցի և այն տեղը, որն ինքն իմ կյանքում ուներ մինչև Փարիզ մեկնելը, հիմա արդեն…
ՄԵԾ ԲԱԶՄԱԿԵՏԵՐ… Բայց հեչ տխուր չեմ…
-Դու կարծես Բալզակի հերոսներից լինես…
-Ինչի՞… (ծիծաղում է) Չեմ ուզում ռոմանտիզմից հեռու գնալ, իմ մեջից հանել սերը, ես սիրում եմ այդ զգացմունքը
և ամենակարևորն այն է, որ Ե՛Ս նվիրվեմ, ինչպես Տերյանն է ասել՝ «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար…»
- այդպես է նաև ինձ մոտ:
-Իսկ այն ՄԵԾ ԲԱԶՄԱԿԵՏԵՐԻ տեղը հիմա ինչ-որ
մեկը լրացնու՞մ է:
-… (ծիծաղում է) …
Իրինա Հախունց
13.07.2013թ.
0 коммент.:
Отправить комментарий