Թրթռուն մի լույս
Անափ խավարում,
Կիսամեռ մի հույս
Սրտիս անկյունում,
Եվ կարո՜տ, կարոտ՜.
Ծպտված, ծածկված,
Սիրո տեսիլքի
Հևքով պարփակված:
Անցյալից կանչող
Քաղցրաբույր հուշեր,
Շուրթերիս սառած
Անավարտ երգեր,
Եվ լռություն.
Պաղած աչքեր
Հանգած կրակ
Չասված խոսքեր:
Անուրջներ անկյանք,
Հայացք` անթարթ, անհագ,
Անշունչ ժպիտներ
Չամոքված վերքեր:
Անորոշ ուղի
Անծայր հորիզոն`
Ինչպես մոլորված
Թշվառ ուրվական,
Որ ստվեր դարձած
Հանգիստ չի տալիս
Անգամ մի վայրկյան:
Եվ դեռ բազում
Չգրված մտքեր
Չբացված էջեր
Ու դատարկ տողեր...
0 коммент.:
Отправить комментарий