суббота, 9 ноября 2013 г.

ԵՐԲ... ՈՒՇ Է...


Երբ հուշերով լեցուն գինու գավաթը մոտեցնես հաճույքից թրթռացող, բայց պաղ շուրթերիդ, և նրա համն ատելի թվա այս տողերից ավելի, իմացիր` պարտվել ես:
Երբ գոռոզ վարդը գլուխ խոնարհի ձեռքերիդ` հասկանալով, որ լոկ պարտականություն է դարձել քեզ համար, չհապաղես դեն նետել այն . նրա վիրավորված փուշը կարող է առավել ցասումնալից լինել, քան վրեժից այրվող կնոջ սիրտը:
Երբ խնջույքի սեղանին յուրաքանչյուր ոք քեզ տհաճ թվա, հիշի՛ր` քո միակ սրտակիցը ե՛ս եմ եղել, թեպետ օտարանալիս ամենևին էլ ժլատ չգտնվեցիր:
Երբ ուժասպառ եղած արցունքներդ թունավոր նետի պես այրեն այտերդ, այդժամ ես կցնծամ. գուցե վերջապես զգաս գարեջրի փրփուրներից ոչնչով չտարբերվող խոսքերիդ ազդեցության ողորմելիությունը:
Իսկ երբ անձրևի հնչյունները դադարեն մեղեդային լինել ու ի զարմանս քեզ մրսես նրա հեքիաթային գրկում, զղջա՛, քանզի այսուհետ արևն անգամ չի ջերմացնի քեզ:
Ու երբ խորանի առջև կանգնած լեզուդ կարկամի և քեզ լիովին դատարկված զգաս, չփորձես Աստծո տանն իմ անունն արտաբերել` որպես վերջին հույս.... չափազանց ուշ է «մենք»-ի համար: Այժմ ողջ էությամբ լցված եմ միայն սեփական «ես»-ով:

0 коммент.:

Отправить комментарий