пятница, 23 мая 2014 г.

Երրորդ համ՝ գինու եվ ուտեստի «ամուսնությունից»

   Գինին բոլոր ժամանակներում էլ համարվել է խմիչքներից ազնվագույնը: Բայց լինել խմիչք, չի նշանակում օգտագործվել անխնա և անգիտորեն: Իրականում գինի ըմպելը շատ ավելի լուրջ և բարձրաշխարհիկ մշակույթ է, իսկ Սոմելյեն՝ այդ ամենի կրողը:  

   Ուախությամբ և հպարտությամբ կարող ենք նշել, որ Հայաստանում ևս արդեն կա Պրոֆեսիոնալ Սոմելյե – Անի Պետրոսյան, մարդ, ով Ֆրանսիայում ամիսներ շարունակ խորապես ուսումնասիրել է գինիների տրամադրությունն ու արժանիքները: Մեր զրույցի տրամադրությունն ու արժեքը ևս կարելի է համեմատել գինու որակի հետ…

                         Գնահատե՛ք այն ;)



Terroir. Ի՞նչ ասել է Սոմելյե

   -Մի քանի խոսքով դժվար է ասել ինչ է Սոմելյեն: Եթե թարգմանենք բառը, ապա, գինեգետ, ով հասկանում է գինուց, գնահատում որակը, տեղը, կլիման: Ֆրանսիացիները շատ լավ տերմին ունեն՝  terroir (տեղուաղ)՝ հող, կլիմա, մարդ, ով ուղիղ կապ ունի գինու արտադրության հետ:
   Ռեստորանում Սոմելյեն ոչ միայն գինեգետն է, այլև, ընդհանրապես, խմիչքների մասնագետ, ով կազմում է գինու քարտը՝ ճաշատեսակների հետ միասին և, մի մարդ, ով տրամադրություն է ստեղծում գինու աշխարհում:


Կախարդական ըմպելիք

   -Գինու շիշը բացելուց և բաժակի մեջ լցնելուց անմիջապես հետո Սոմելյեն սպիտակ ֆոնի վրա գինու գույնից սկսում է գնահատել այն: Նայում է գինու խտությունը, ինտենսիվությունը, պարզությունը, որից հետո քթով է հոտ քաշում: Այնուհետև աէրացիայից (օդի հետ շփում) գինու փունջը փոխվում է , մոլեկուլները բարձրանում են, ավելի են ակտիվանում ևփունջի մեջ շատ բաներ ենք գտնում՝ անտառային հատապտուղներ, սև մրգեր, կարմիր մրգեր, էկզոտիկ, երկրորդային բույրեր, որը կաղնու տակառն է հաղորդում գինուն: Այսինքն, գինու որակը շատ գործոններից է կախված՝ տանիններ, թթվայնություն, ալկոհոլ, բերանի մեջ մնացորդային համեր…
   Այս բոլորըպետք է շատհամահունչ լինեն: Առաջին հերթին, խաղողը, որից ստանում են գինին, պետք է աճի լավ հողում: Ամենալավ գինիները ստացվում են Գրան քրու կոչվող հողատարածքներում աճող խաղողից: Այս ամենի հետ միասին եթե կանաևլավ գինեգործ, ստացվում է հրաշալի, կախարդական այն ըմպելիքը, որը կոչվում է գինի:


Իդեալական չափաբաժին

   -Օրինակ եվրոպացիները ճաշի ժամանակ անպայման գոնե մեկ բաժակ գինի են խմում: Սովորաբար նախատեսված է կանանց համար օրական մինչև 150 գրամ, իսկ տղամարդկանց համար՝ մինչև 250 գրամ գինի: Սա այն չափն է, որն ընդունելով, մարդ, ասում են, կարող է իրեն ապահովագրել հիվանդություններից, բացի մեկից՝ ալկոհոլիզմից (ծիծաղում է):



Հրաշալի համ և վայելք

   -Շատ լուրջ գիտություն է գինին սննդիհետ ճիշտ համադրելը: Եթե ուտեստի համային տվյալները շատ ավելի մեղմ են, բնականաբար այդ ուտեստի հետ պետք է մեղմ գինի խմել, որպեսզի իրենց համային սրությամբ մեկը մյուսին չսպանեն: Իդեալական կարող է լինել, երբ ուտեստի և գինու համադրությունց բերանում մի երրորդ համ ես զգում, այսինքն՝  գինու և ուտեստի «ամուսնությունից» ծնվում է մի հրաշալի համ և դա վերածվում է վայելքի:
   Դասական տարբերակն այսպիսին է՝ սպիտակ գինին սպիտակ մսի, ձկնեղենի և շատ թեթև ուտեստների հետ, կարմիր գինին՝ մսեղենի և շատ սուր արտահայտված ուտելիքների հետ: Բայց հիմա տենդենցը փոխվել է և գինինոչ թե մսի հետ են համադրում, այլ այն սոուսի, որը մատուցվում է մսի հետ:
   Նույնը պանիրների դեպքում.  հնեցված պանիրներն ավելի համահունչ են ուժեղ գինու հետ: Օրինակ,  «Սոտերն»-ը (Բորդոյի հարավ) միշտ համադրում են «Ռոքֆոր» պանրի հետ: Ընդհանրապես, շատ իդեալականէ, երբ գինին  համադրվում է այն տեղանքի ուտեստի հետ, որտեղից գինու ծագումն է:


Ընտրանի

   -Յուրքանչյուր վայրի գինի իր յուրահատկությունն ունի: Կարող եմ նշել Բորդոն, որտեղ գերակշռում են Կաբերնի Սովինիոնը, Կաբերնի ֆրանը, Մերլոն: Բորդոյում, սովորաբար, մի տեսակի խաղողից չեն գինի արտադրում, այլ խառնում են մի քանի տեսակներ, որով ստեղծվում է Բորդոյի գինիների փունջը (բացի մեկից՝ Պետրուսից, որը Մերլոյով է պատրաստվում և աշխարհի ամենաթանկ գինիներից մեկն է):
    Կառանձնացնեմ Սանջովեզեն՝ Տոսկանայում: Աարգենտինյան Մալբեկը, որը շատ թունդ է, չնայած տեսակով ֆրանսիական խաղող է: Էրմիտաժի Սիրանը ևս յուրահատուկ գինի է: Սպիտակներից՝ Շարդոնեն՝ Բուրգունդիայից, Պինո Նուարը…


Հայակական որակ

   -Փառք Աստծո, սկսել ենք լավ գինիներ արտադրել: Կարող եմ առանձնացնել Կարասի Զորան, որը մի տեսակ խաղողից է արտադրվում և շատ դժվար է ընդամենը մի տեսակով բարձր որակ ստանալ, բայց հաջողվել է դա անել, Բռավո:
   Արմասի գինիները որակով բավական բարձր են, Մառանի գինիները տիպիկ հայկական են: «Արմենիա Վայն» գործարանըԹարիրին է արտադրում: Միայն ցավում եմ, որ գինեգործները հայեր չեն: Հուսամ կգա օր, երբ այստեղ դպրոցներ կունենանք, որոնք կտան լավ գինեգետներ, լավ գինեգործներ և ստիպված չենք լինի դրսից հրավիրել:


Ապագայի ծրագրեր

   - Եթե չկա գինեգետության մասնագիտացված դպրոց, բնականաբար չի կարող լինել գինու մշակույթի բարձր մակարդակ: Ակումբը (The club) և In Vino-ն մտադիր են դպրոց հիմնել: Սկզբնական շրջանում՝ընդհանուր ճանաչողական, այնուհետև խորացված ծրագիր կլինի: Սյուզ-Լա-Ղուսհամալսարանի տնօրենը դեռևսիմսովորելու ժամանակասել էր, որ ցանկանումեն Վայոց Ձորում համալսարանի մասնաճյուղը բացել և գուցե իմ օգնության կարիքն էլ լինի, բայց սա դեռ ապագայի հարց է: Հուսանք սա որպես ծրագիր չի մնա, այլ կիրագործվի:


Վե'րջ վատ սովորույթներին

   -Արտասահմանցիներին, բնականաբար, հետաքրքրում ենմե՛ր գինիները: Փառք Աստծո, ունենք առաջարկելու լավ տարբերակներ ևմեծամասամբ հավանում են: Իսկ տեղի սպառողներին էլ հետաքրրքում են դրսի գինիները և մեր շուկան բավական մեծ տեսականի ունի:

   Բացի այդ, ամեն չորեքշաբթի, 19:00-ից հետո գինու երեկոներ ենք կազմակերպում Ակումբումև ցանկացողները կարող են բավական էժան գնով (անգամ ինքնարժեքից ցածր) համտեսել արտասահմանյան գինիներ: Սա արվում է հատուկ այն նպատակով, որ մարդիկ ճանաչեն, սովորեն գինի խմել և վերջապես թողնեն Խորհրդային տարիներից եկած օղի խմելու ավանդույթը:



Լուրջ մշակույթ

   -Այժմ զարգացման տենդենց կա Հայաստանում: Կան մասնագիտացված սրահներ՝ In Vino-ն, Սոմելյեն, նաև Ակումբը: Հուսամ կշատանան նմանատիպ տեղերը, որպեսզի ընտրության հնարավորություն լինի և որքան շատ ծանոթանան, շատ խմեն (ո՛չ քանակով), ամեն մարդ էլ արդեն կհասկանա գինուց այնպես, ինչպես օրինակ ֆրանսիայում, որտեղ դա շատ լուրջ մշակույթ է:


Լավագույն 10-յակում

   -ԱՊՀ երկրներում միանշանակ մրցունակ է հայկական արտադրանքը: Որոշ տեսակներ նաև Եվրոպական երկրներում կան: Կարասի Զորան, օրինակ, 2010թ-ին ըստ Բլումբերգ ամսագրիմասնագետի 10 լավագույն գինիների շարքում է: Ինքս փորձել եմ և բավական բարձր եմ գնահատում:


Պրոֆեսիոնալիզմ

   -Համալսարանը, որտեղ սովորել եմ, գտնվում է Պրովանսում, Ավինիոնից մոտ 90 կմ հեռավորության վրա, մի փոքրիկ գյուղ է Սյուզ-Լա-Ղուսը: Համալսարանը շատոի մեջ է: Ուսանողներ կային Կորեայից, Բրազիլիայից, Կանադայից, Բելգիայից: Հայաստանից ես առաջին էի: Ծրագիրը բավականին խտացված էր, օտար լեզվով նեղ մասնագիտական տերմինալոգիան՝բարդ: Վերջնական մեմուարը ամենաքիչը 25 էջ պետք է լիներ: Իմ դիպլոմայինը 43 էջ էր, գրել էի Հայաստանի գինեգործության և գինու կուլտուրայի զարգացման մասին: Կային ֆրանսիացիներ, ովքեր դիպլոմ չկարողացան ստանալ: Երևի հայի կամքի ուժով հաղթահարեցի այդ ամենը, թեպետ շատ դժվար էր:


Պահանջարկ

   -Սոմելյեի պահանջարկ Հայաստանում գուցե կա, բայց ավելի համեստ են այդ առումով: Քանի դեռ չկար պրոֆեսիոնալ Սոմելյե, ուզումէին… Երբ վերադարձա, բոլորն ուղղակի ուրախ էին, որ կա, բայց ոչ մեկին, կարծես առանձնապես չի հետաքրքրում, բացի ակումբի տնօրինությւոնից: Հուսով եմ էլի մարդիկ կգնան, կսովորեն, թիմ կլինենք և միասին գինու կուլտուրան ինչ-որ մի մակարդակի կարող ենք հասցնել…

Իրինա Հախունց

среда, 21 мая 2014 г.

Հենոն նաեվ Յուրայի փոխարեն պատասխանեց

        Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքանի ոչ միայն մարզիչն է նոր, այլև՝ մարզման մեթոդները: Մինչ գնդակի համար պայքարելը, ֆուտբոլիստները նախ «բռնոցի են խաղում», հետո`  միմյանց շալակը ելնում: Յուրա Մովսիսյանն էլ, ինչպես միշտ, աչքի է ընկնում իր հումորով՝ «Արի ստեղ»:

 (Մարզմանը մասնակցեցին 23 ֆուտբոլիստներ,  Ռոման Բերեզովսկին հավաքականին պետք է միանար երեկոյան, իսկ Արտակ Եդիգարյանը և Մաուրո Գևգեոզյանը՝ մայիսի 25-ին Շվեյցարիայում):

   Նոր մարզչի գլխավորությամբ ուրախ մթնոլորտում անցած առաջին մարզմանը հաջորդեց ոչ պակաս անմիջական մամլո ասուլիսը (Բեռնար Շալանդ, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան):



   Հենրիխ Մխիթարյանը լի է մեծ հույսերով

   -Շատ լավ տպավորություն թողեց մարզիչն առաջին հանդիպումից՝ ոչ միայն մարզման ժամանակ, այլև մարզումից առաջ, երբ շփվեցինք նրա հետ: Հուսով եմ իրար ճիշտ հասկացանք և կկարողանանք միասին կատարել այն խնդիրը, հանձնարարությունը, որը դրված է մեր առաջ: Կարող եմ ասել, որ մեծ աշխատանք ունենք կատարելու և կփորձենք օգնել մարզչին, նա էլ, միանշանակ, կօգնի մեզ, որպեսզի կարողանանք լավ արդյունք գրանցել: Մինչ այստեղ հանդիպելը նրան չէի ճանաչում, բայց իր մասին լսել եմ, շատ լավ տպավորություն է թողել, մարզման ժամանակ նույնպես՝ թե՛ մարզումը, թե՛ մազիչը: Հույս ունեմ, որ ապագայում լավ արդյունքներ կունենանք: 


   Մեր հավաքականի առաջատարը Մունդիալ 2014-ում ոչ մեկին չի երկրպագի, բայց մեծ հետաքրքրությամբ կդիտի առաջնությունը: Ֆավորիտները շատ են, ոչ մեկին առանձնացնել չի կարող, որովհետև ֆուտբոլն անկանխատեսելի է դարձել և ցանկացած հավաքական կարող է չեմպիոն դառնալ:
 Այն հարցին, թե արդյոք Հենրիխը Բունդեսլիգայում սովորածը կկիրառի այստեղ, խաղացողը նշեց, որ ազգային հավաքականն ունի իր մարտավարությունը, խաղաոճն ու առանձնահատկությունները, հետևաբար մեկը մյուսին չի խառնի, այլ կփորձի կատարել այն ամենն, ինչ կասվի այստեղ:


            Յուրան ուրախ էուրիշ պատասխան չունի

  Միշտ ժպտադեմ և անսպառ հումորվ Յուրան այս անգամ հարցերին հակիրճ պատասխանեց.
   -Հենոն իմ տեղն էլ պատասխանեց…
   -Հենոն ասեց…
   -Էլի նույնը…

        

Մեր գործը չլսելն է

 Մոկսվայի «Սպարտակ»-ի հարձակվողն անդրադարձավ նաև իր հասցեին հնչող քննադատություններին:

 Քննադատությունը միշտ եղել է և կլինիԴա Ձեր գործն է, մեր գործն էլ դրանք չլսելն է:

  Խոսելով ակումբային տարբերակում անհատական հաջողությունների մասին, մեր հավաքականի մյուս առաջատարն առավել կարևոր համարեց թիմային հաղթանակը, թեպետ հաճելի է, երբ գոլեր ես խփում կամ փոխանցումներ կատարում: Իսկ թե որ երկիրը կհաղթի աշխարհի առաջիկա առաջնությունում, ֆուտբոլիստը նշեց.

 -Կնայենք ու վերջում կիմանանք:    

   Հավաքականում Շալանդի գլխավորությամբ անցկացրած առաջին մարզման մարզման մասին էլ ասաց.

   -Ի՞նչ պատասխանեմ, ուրախ էի:



Բեռնար Շալանդը ժամանակի կարիք ունի

   -Ես նոր մարզիչ եմ և ինձ համար շատ կարևոր են այս ընկերական հանդիպումները (մայիսի 27-ին ԱՄԷ հավքականի դեմ, մայիսի 31-ին՝ Ալժիրի և հունիսի 6-ին՝ Գերմանիայի): Պետք է փորձարկեմ բոլոր խաղացողներին: Սա լավ հնարավորություն է տեսնել նրանց գործի մեջ, հասկանալ, թե ովքեր են պատրաստ: Մենք ունենք այնպիսի թիմ, որը, եթե գնդակ ունենա, շատ լուրջ հաջողություն կարող է ունենալ հարձակման գծում և մենք երբեք չպետք է վախենանք, պետք է պայքարենք, փորձենք հասնել ավելիին, ցանկացած թիմի դեմ խաղանք հաղթողի հոգեբանությամբ:


Շալանդը վստահում է ա՛յս տղաներին

   -Ընտրել եմ ա՛յս խաղացողներին, հետևաբար վստահում եմ ա՛յս խաղացողներին: Ինձ համար հաճելի էր անցկացնել այս մարզումը և ընդհանուր առմամբ շատ լավ տպավորություն ստացա:


Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ

   Անդրադառնալով մարզման՝ մեզ համար նոր մեթոդներին, հավաքականի նորանշանակ մարզիչը նշեց, որ ինքը չէ ֆուտբոլը բացահայտել, բայց ունի գաղափարներ և մտքեր, որոնք կիրառում է: Այս վարժությունն, օրինակ, իրականացրեց, որովհետև ուզում է ստանալ շատ լավ պրեսսինգ թե՛ պաշտպանությունում և թե՛ կիսապաշտպանությունում ու հարձակման գծում:


Աշխարհի առաջնությունում Շալանդի ֆավորիտը       Չիլիի հավաքականն է

   -Որպես մարզիչ ինձ համար դժվար է պատասխանել, թե որ հավաքականը կհաղթի: Պետք է ուղղակի նայենք աշխարհի առաջնությունը, վերլուծենք, մեզ համար շատ կարևոր է դիտել առաջնությունը ուղղակի մասնագիտական տեսանկյունից, իսկ ֆավորիտներն, ինչպես միշտ, Բրազիլիան են, Իտալիան և Իսպանիան, բայց ես ունեմ իմ ֆավորիտը՝ Չիլին, որը մեծ պոտենցիալ ունեցող թիմ է… և, բնականաբար, Շվեյցարիան:


Շալանդը Կլոպի պես խենթ է

   -Հենրիխն ուրախ է, որովհետև կարդացել է, որ ես Կլոպի պես խենթ եմ: Ասում են՝  ես Շվեյցարիայի Կլոպն եմ, որովհետև ես մեկ-մեկ գնում եմ տրիբունա:


Մենք ազգային հավաքական ենք

   Թեպետ մարզչի համար արդյունքը միշտ կարևոր է, բայց ներկա իրավիճակում մասնագետն առավել կարևոր է համարում լավ խաղը և, որպես մարզիչ, ատում բոլոր տեսակի պարտությունները:


           
   Պարտություններն ատում են նաև երկրպագուները, հատկապես Հայաստանի ազգային հավաքականի նվիրյալները, հետևապես մենք առաջիկա խաղերում միայն ու միայն ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ենք ակնկալելու տղանե՛ր:

Իրինա Հախունց

















суббота, 17 мая 2014 г.

Կրքերի խելահեղությունն ավարտվեց

   Սուլիչ:
   Հարված գնդակին:
   Լա Լիգայի՝ ավարտին մոտեցող մրցաշրջանի կարևորագույն խաղը սկսված է: Իսկ սկսվեց այն «Կամպ Նոու»-ի գեղեցիկ ձևավորմամբ, հարազատ ակումբի հիմնի կենդանի կատարմամբ և շարունակվեց մայրաքաղաքայինների «ողբերգությամբ»: Հանդիպման մեկնարկից րոպեներ անց վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց ատլետների առաջատարը՝  Դիեգո Կոստան: Վերջինս իր անկարողությունն արտահայտեց չզսպված արցունքներով և որոշ ժամանակ հրաժարվում էր բաց աչքերով հետևել խաղին՝ գլուխը ծածկելով շապիկով:
   Ի հեճուկս ստեղծված դրության՝ 21-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեն հարկադրաբար կատարեց արդեն 2-րդ փոփոխությունը: Այս անգամ Ֆաբրեգասի հետ բախումից վնասվածք ստացավ թիմի մեկ այլ առաջատար խաղացող Արդա Տուրան,  ով ևս անկարող եղավ դիմակայել թափվող արցունքներին: Կիսապաշտպանին փոխարինեց նույն դիրքում հանդես եկող թիմի 3-րդ ավագ Ռաուլ Գարսիան:
   «Ատլետիկո»-ի վիճակն է՛լ ավելի բարդացավ 34-րդ րոպեին, երբ տան տերերի հարձակվող Ալեքսիս Սանչեսը գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի վերջնամասն անցավ մադրիդցիների բացահայտ առավելությամբ, որը,  սակայն ո՛չ մի շոշափելի արդյունքի չհասցրեց:
   Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով:

   Սուլիչ:
   Հարված գնդակին:
   Երկրորդ խաղակեսը սկսված է: Եվ սկսվեց այն «Ատլետիկո»-ի խելահեղ գրոհով: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց: 49-րդ րոպեին անկյունայինի խաղարկումը գլխի շեշտակի հարվածով եզրափակեց պաշտպան Դիեգո Գադինը – 1:1:
   Նվազագույն ոչ-ոքի հաշիվը պահպանվեց մինչև եզրափակիչ սուլիչը:
   ՎԵՐՋ:
   «Ատլետիկո»-ն ՉԵՄՊԻՈՆ է:

   «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղից առաջ էլ մեկ այլ մադրիդա-կատալոնյան դիմակայություն էր: «Արքայական ակումբ»-ը վերջին տուրում ընդունել էր Կատալոնիայի փոխչեմպիոն «Էսպանյոլ»-ին:  Խաղն անցավ տան տերերի բացահայտ առավելությամբ, թեպետ հաշիվը բացվեց միայն 64-րդ րոպեին: «Ռեալ»-ի կազմում աչքի ընկավ Գարեթ Բեյլը, իսկ 85-րդ րոպեին դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց փոխարինման դուրս ելած Ալվարո Մորատան: Ընդամենը 5  րոպե անց հյուրերից Պիցին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել կատալոնցիներին չհաջողվեց, իսկ վայրկյաններ անց նրանց կարճատև ուրախությանը վերջ տվեց Մորատան՝ ձևակերպելով դուբլ՝ կրկին դի Մարիայի փոխանցումից հետո: 3-1՝ հօգուտ Ռեալի:

   Այսպիսով՝ 2013/14 մրցաշրջանում իսպանական Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը 18 տարվա ընդմիջումից հետո 10-րդ անգամ նվաճեց Մադրիդի «Ատլետիկո»-ն: Փոխչեմպիոնությունը բաժին ընկավ  «Բարսելոնա»-ին, իսկ «արքայական ակումբ»-ն այս անգամ բավարարվեց միայն 3-րդ հորիզոնականով:

пятница, 16 мая 2014 г.

«Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի


       «Սա պատմական հնարավորություն է և մենք պետք է օգտագործենք այն» - կատալոնյան «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, կատալոնացիների նորընծա ավագ Չավիի խոսքերն են՝ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրի մասին:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2013/2014 մրցաշրջանն իսկապես պատմական կարելի է համարել: Նախ՝ միշտ չէ, որ չեմպիոնական մրցավազքի ինտրիգը շարունակվում է մինչև վերջին տուրը, բացի այդ վերջին տասնամյակում երկրի չեմպիոնի տիտղոսը բաժին էր ընկնում բացառապես միայն «Բարսելոնա»-ին (2005, 2006, 2009, 2010, 2011, 2013) և «արքայական» ակումբին (2007, 2008, 2012): Մայիսի 17-ը կարող է վճռորոշ լինել այդ, այսպես ասած, «ավանդույթի» խախտման գործում:
Սերուցքայիններին և կապտանռնագույններին այս տարի «մենաշնորհից» զրկել կարող է «Ատլետիկոն», որը Լա Լիգայում վերջին անգամ հաղթել է դեռևս նախորդ դարում՝ 1996 թվականին: Մադրիդյան ակումբն այս մրցաշրջանում հնարավորություն ունի նաև առաջին անգամ դառնալու Չեմպիոնների Լիգայի հաղթող:

Վերջին՝ 38-րդ տուրին ընդառաջ Իսպանիայում առաջատար եռյակի պատկերն այսպիսին է.

 Ատլետիկո Մադրիդ
գոլեր.             76:25
միավորներ.             89
 Բարսելոնա
գոլեր.             99:32
միավորներ.             86
 Ռեալ Մադրիդ
գոլեր.             101:37
միավորներ.             84

Թեպետ ասում են, որ սպորտն ազգություններ չի ճանաչում, այնուամենայնիվ, հայ երկրպագուների շրջանում «Ատլետիկո»-ի հաղթարշավը ոչ միանշանակ ընդունվեց, իսկ որոշ հանդիպումներ հայկական հեռուստաընկերությունները հրաժարվեցին հեռարձակել՝ հաշվի առնելով ակումբի հովանավորին:
Ստեղծված դրությունում ու՞մ են երկրպագելու «Ռեալ»-ի հայ երկրպագուները վերջին տուրում և ու՞մ՝ «Բարսա»-ի երկրպագուները Չ/Լ եզրափակչում («Ռեալ» - «Ատլետիկո», մայիսի 25, Լիսաբոն, «Էստադիո դա Լուժ»):

Ֆուտբոլասեր, կապտանռնագույնների նվիրյալ երկրպագու Խորեն Թևանյանն, ինչպես ինքն է նշում, «միանշանակ «Ռեալ»-ի կողմից կլինի».
-Կարող ենք պատմական իրադարձության ականատես լինել՝ դեցիմային («Ռեալ»-ի 10-րդ Չ/Լ գավաթին), չնայած, որ այս մրցաշրջանի «Ատլետիկո»-ն չափազանց համակրելի թիմ է, անկախ իր հովանավորից: Անձամբ ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում նման բաների: Բայց կարծրատիպերն այնպես են, որ կարող ես խաղարկել նաև այդ լարի վրա: Դա էլ մեզ՝ հայերիս համար է պատմական: Չնայած, «Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի, որովհետև իրենց պատմական թշնամին հենց «Ատլետիկո»-ն է:
«Ռեալ Մադրիդ» ֆեյսբուքյան էջի համահիմնադիր Գևորգ Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ մադրիդիստը նախ և առաջ հայրենասեր է.
-Ինչքան էլ «Բարսա» չսիրեմ, բայց ես նաև հայրենասեր եմ ու իմ ազգայինը վեր է ամեն ինչից, ես կնախընտրեմ «Բարսելոնա»-ին: Ինչքան էլ ինձ քննադատեն, ինձ համար միևնույն է:
ArmSport.am կայքի լրագրող, «Բարսելոնա»-ի մեծ երկրպագու Արման Առաքելյանի կարծիքով «այստեղ հայ լինելը չափանիշ չէ», թեպետ իր նյութերի համար այնպիսի նկարներ է ընտրում, որտեղ «Ատլետիկո»-ի խաղաշապիկների գրությունը չի երևում, իսկ մայիսի 24-ին հենց նրանց էլ կերկրպագի:
-Mes que un club Barca. կատալոնա-մադրիդյան դիմակայությունն, ամեն դեպքում, վերերկրյա է… հարգում եմ «Ռեալ»-ին «Ատլետիկո»-ից շատ, բայց… կա «Բարսա»: Ինձ համար պարտություններ ու հաղթանակներ չկան, ինձ համար կա հավերժ mes que un club,- նշեց Արմանը, միաժամանակ ավելացնելով, որ, երբ նյութ գրի, կընտրի այնպիսի նկար, որտեղ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները մեջքով կլինեն կամ էլ կսպասի մինչ խաղի ավարտը. «Օրինակ մարզաշապիկները փոխանակելուց»:
RealMadrid.am կայքի համահիմնադիրներից Ռոբերտ Մարկոսյանի սպասելիքներն ի նպաստ հարազատ ակումբի են - «Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղից ոչ-ոքի է ակնկալում.
-Եթե «Ատլետիկո»-ն հաղթեց, ինչը շատ ավելի հավանական է, ավելի հանգիստ կմոտենա Չ/Լ եզրափակչին… ինչը «Ռեալ»-ի շանսերն ավելի կմեծացնի: «Բարսա»-ից սպասելիքներս քիչ են:
Barca.am կայքի գլխավոր խմբագիրը իրավիճակին նայում է որպես մարզասեր և որպես կատալոնցիների երկրպագու, Վահե Աղաջանյանը եվրոպական ակումբային գլխավոր եզրափակչում կերկրպագի «Ատլետիկո»-ին:
-Անիմաստ եմ համարում «Ատլետիկո»-ի հովանավորի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը: Ես սպորտին վերաբերվում եմ որպես սպորտ, այլ ոչ թե քաղաքականություն: Նույն կերպ կարող էր «Ադրբեջան»-ը հովանավորել «Բարսա»-ին կամ «Ռեալ»-ին, ի՞նչ է, միթե՞ մենք կամ «Ռեալ»-ի երկրպագուները դադարելու էինք երկրպագել մեր սիրելի թիմին:

Այն, որ մայսի 17-ին և 24-ին կայանալիք խաղերից հետո ֆուտբոլային կրքերը Պիրենեյան թերակղզում կբորբոքվեն ավելին, քան երբևէ, պարզ է ֆուտբոլից քիչ, թե շատ հասկացող ցանկացածի, բայց, ինչպես ընդունված է ասել սպորտում՝ թող հաղթի ուժեղագույնը:
Իսկ հայ երկրպագուներիս մնում է միայն զերծ մնալ իսպանական ծայրահեղություններից և մեր ողջ էներգիան պահել մեր Ազգային հավաքականին՝ Ալժիրի հետ առաջիկայում կայանալիք ընկերական խաղում սատարելու համար:


Իրինա Հախունց