Գրողը գրում է ոչ թե նրա համար, որ ինչ-որ բան է ուզում ասել, այլ նրա, որ ասելիք ունի:
Ֆրենսիս Ֆիցջերալդ
Սնապարծություն չթվա, որ նյութս սկսելով մեծն Ֆիցջերալդի խոսքերով, դրանով իսկ փորձում եմ վերագրել այն ստորև գրված տողերին: Քավ լիցի՛, նման միտումներ ամենևին էլ չունեմ (թեպետ հենց երեկ գրառումներիս մասին կարծիք հայտնելով , անզգուշորեն, թե մտածված, համեմատեցին Բալզակի հետ--այ սա արդեն անհամեստություն է. արժանի, թե` ոչ, դատեք ինքներդ): Պարզապես ես ևս գրում եմ նրա համար, որ ոչ թե ինչ-որ բան եմ ուզում ասել կամ ապացուցել, այլ` իսկապես ասելիք ունեմ:
«Կանցնեն շատ տարիներ և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»:
Ահա՛ այս տողերով է սկսվում կոլումբիացի նշանավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը:
Կարծում եմ արդեն պարզ է ասելիքիս իմաստը, գոնե նրանց համար, ովքեր համբերություն ու համառություն են դրսևորել կարդալու համաշխարհային դասական գրականության գլուխգործոցներից մեկը համարվող այս ստեղծագործությունը: Դժվար է ընդամենը մի քանի տողով վերլուծել կամ փորձել հասկանալ գրքի էությունը, իսկ այս ձևաչափով երկարաբանությունը վատագույն տարբերակն է: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր «Հարյուր տարվա մենություն»-ը չկայացած, անիմաստ գրվածք են համարում` իր ֆանտաստիկ դրսևորումներով (իհա՛րկե, ծիծաղելի են թվում հերոսների հետ կատարվող գործողությունները, ինչպես օրինակ Ռեմեդիոս Գեղեցկուհու երկինք համբարձվելը, հանգուցյալների հարություն առնելը... սակայն սա հարցի մյուս կողմն է: Գրողը փորձել է երևակայականի ու իրականի միաձուլումով այլաբանորեն ցույց տալ Բուենդիա ընտանիքի իսկական պատկերը): Այնպես որ այստեղ միայն իմաստն ընկալելու խնդիրն է, քանզի «նման վեպերը չեն ստեղծվում դատարկ տարածության վրա»:
«Ֆերնանդան ոչ միայն հրաժարվեց դռները բացել, երբ դադարեց կիզիչ քամին, այլև կարգադրեց փայտե խաչերով փակել լուսամուտները, որպեսզի թաղի իրեն ողջ-ողջ, ինչպես ծնողներն էին սովորեցրել»:
Այս մեջբերումը բացատրեմ հետևյալ կերպ. Երբ կարդում էի գիրքը, այն տպավորությունն էր, կարծես այն մեր` հայերիս մասին է--մենությու՜ն, մենությու՜ն, մենությու՜ն...
Համաձայնեք, մենք այդպիսին ենք` ինքնամփոփ, մեկուսի, ահա թե ինչու է այս գիրքն ինձ այդքան հարազատ դարձել և, ասես ի հեճուկս սրա` վերլուծության բաժնում գրված է. «Պատահական չէ, որ վեպը կարդալուց հետո շատ շատերն են ունենում այն զգացողությունը, թե վեպ է գրվել իր ծննդավայրի, իր քաղաքի, իր գյուղի մասին»: Եվ պատահական չէ նաև այն,
որ այդ տողերի հեղինակը ևս հայ է:
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր խավար ու մեկուսացված աշխարհը, որում ապրում է խուլ փողոցի մեկուսի կյանքով:
«Աուրելիանո Բուենդիան կտրել էր կապերը ընտանիքի հետ ոչ թե պատերազմում դաժանանալով, այլ որովհետև ոչ մեկին չէր սիրել, ոչ կնոջը` Ռեմեդիոսին, ոչ անհամար ու մեկ գիշերվա սիրուհիներին և ոչ էլ, հատկապես, որդիներին»:
Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ ինքնահաստատման հերթական փորձ, դժվար է ասել: Մի բան ակնհայտ է` ցեղասպանություն վերապրած սերնդի ժառանգներիս պակասում է հենց այն, ինչն այնպես խանգարում էր Աուրելիանո Բուենդիային ըստ արժանվույն դասավորել ընտանեկան կյանքը...
Ապրենք սիրով!
0 коммент.:
Отправить комментарий