воскресенье, 29 сентября 2013 г.

Աղոթք




Դանդաղ, հանդարտ վառվում է:
Ի՞նչ քամիներ կամ ի՞նչ կախարդ խոսքեր,
Նա դեռ պարում է:
Թրթիռը սրտիս, հևքը՝ շնչիս
Իսկ բոցը մտքիս հավասար թռչում է.
Չթողնես մարի:

Ոչ մի զեփյուռ, նույնիսկ փոթորիկ
Մոտ գնալ անգամ չի համարձակվի,
Բայց գեթ մի ակնարկ
Մի կիսահայացք
Եվ անվերադարձ, անհետ կկորչի:

Ծուխ...
Կապույտ հետագիծ:
Խաչված ձեռքեր, որ հավատում են
Մոխիրը գրկած դեռ աղոթում են-
Այլ լեզուներով՝
Գողացված տողեր, սրտի թելադրանք...

Ես ատում եմ քո անունը...

Մոխրի մեջ փայլող մեղավոր կայծեր
Սերս աղթոք է՝ կրակ - որ դու ես ու քո անունը...
Չթողնես հանգչի:

Բեմը չլիներ, սերիալը կլիներ. Բոնի



«Ճստիկ-պստիկ» հաղորդոմից մինչև «Վիտամին ակումբ» հումորային նախագծի դերասան ու սցենարիստ: Եթե տարիներ առաջ Վահե Բեգլարյան անունը հայտնի էր միայն որպես Մայքլ Ջեքսոնի նմանակող, ապա այսօր Բոնի կեղծանունը ճանաչված ու սիրելի է շատերի կողմից: Աշոտ Ղազարյանի հումորի դպրոցն ավարտելուց հետո մասնակցելով և հաղթահարելով քասթինգի բոլոր փուլերը, Վահեն ընդգրկվեց «32 ատամ» ակումբի հիմնական կազմում: Նկարահանվել է «Մեր բակը» և «Շիլա-շփոթ» հումորաիյն ֆիլմերում:

Սիրով Ձեզ եմ ներկայացնում երիտասարդ դերասանի հետ հարցազրույցս:

-Վահե, ասում են դերասանությունը հույզերն արտահայտելու, ինքնադրսևորվելու լավագույն միջոցն է: Որքանո”վ եք կարողանում այդ միջոցով լիարժեք ինքնաարտահայտվել:

-Կարծում եմ դա շատ լուրջ խնդիր է: Շատ քչերն են վստահ, որ բեմ դուրս գալուց չեն լարվի: Անվստահություն միշտ լինում է, որ ինչ-բան այն չի լինի, բարձրախոսը կփչանա կամ նմանատիպ այլ միջադեպ: Լիովին ազատ լինել չես կարող:



-«Վիտամին ակումբ»-ը Ձեզ տվեց ճանաչում: Ի՞նչ չափով է օգնում կամ խանգարում այդ հանգամանքը:

-Ճանաչված լինելը գրեթե միշտ օգնում է: Օրինակ, երբ գնում եմ Անձնագրային բաժանմունք և շատ մարդ է լինում, ճանաչում են և հերթը զիջում: Իսկ վատ կողմեր շատ քիչ ունի, հիմնականում կապված է ինձ չսիրելու կամ գուցե նախանձելու հետ:



-Եղե՞լ է դեպք, որ դրա պատճառով տուժեք կամ հակառակը` շահեք:

 -Ոչ, այդպիսի դեպք, որ տուժեմ, չեմ հիշում, չի եղել:



-Որքանո”վ են նման կամ տարբեր բեմի և առօրյայի Վահեն:

-Ինքս  տարբերությունը չեն զգում: Մտերիմներս ավելի ճիշտ կարող են բնորոշել: Կերպարային առումով շատ եմ տարբերվում բեմի Վահեից, իսկ երբ պարզապես ինչ-որ բան եմ կարդում բեմում, մեծ տարբերություն չկա:



-Հումորը համարվում է դերասանության ամենաբարդ ժանրը` թե՛  հանդիսատեսին գոհացնելու և թե՛ ինքդ միշտ ներկայանալի լինելու առումով: Արդյոք մի՞շտ է հաջողվում բեմ դուրս գալուց առաջ լիովին տրվել կերպարին` դառնալ Բոնի, թե, այնուամենայնիվ, Վահեից ինչ-որ բան մնում է:

-Բոնի անվանումով ներկայացել եմ «Մեր բակը» ֆիլմում և այդպես էլ մնացել է ու այժմ այդ անունով եմ «Վիտամին»-ում բեմ դուրս գալիս: Կարծում եմ հաջողվում է: 

        


-Իսկ ինչու՞ հենց Բոնի:

-«Boney M» երաժշտական խմբի պարողի և իմ սանրվածքը շատ նման են և այդ պատճառով էլ Բոնի են անվանում:



-Եթե չլիներ բեմը, կլիներ….

 -Կլիներ սերիալը (ծիծաղում է):



-Կերպարային առումով տարաձայնություններ լինու՞մ են:

-Դերասանի համար կերպար մարմնավորելը խնդիր չպետք է լինի: Դա ուղղակի դեր է, իսկ եթե ինչ-որ վիրավորական բան լինում է,պարզապես չենք անում դա:



-Ձեր առաջին աշխատավարձն ինչի՞ վրա եք ծախսել:

-Հագուստ եմ գնել, 60 հազար դրամ էր:



-Այլ նախագծերի մասնակցելու, համագործակցելու առաջարկներ կա՞ն:

-Դեռ ոչ: Առաջիկայում այլ կերպարներով հանդես կգամ, բայց դեռ կենկրետ ոչինչ ասել չեմ կարող:


Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմեր: Ամենակարևորը՝ հանդիսատեսի մեծ սեր: :))


Ես պատասխանատու եմ!


Այսօրվա պես հիշում եմ, ինը տարեկան էի: Համադասարանցիներս ձեռքից-ձեռք էին փախցնում հեքիաթը: Մի օր էլ հերթն ինձ հասավ...

Երբե՛ք, երբե՛ք որևէ ստեղծագործություն կարդալիս չմտածեք, առավել ևս չբարձրաձայնեք, որ այն վատն էր. գուցե պարզապես այդ պահին չի ընկալվել: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին  թվացող գործն իր ասելիքն ունի: Ու պետք չէ խոշորացույցով որոնել այն:
Ես էլ չէի հավանել, ավելի ճիշտ՝ չէի հասկացել:
Տասներկու տարի է անցել ու հեքիաթը, որն արդեն իրական գույներ է ստացել, կրկին իմ ձեռքերում է: Ինչպե՜ս եմ ափսոսում արագ կարդալ:

« Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս»:
... ու նա ինձ ընտելացրեց և ես հավիտյան պատասխանատու եմ նրա համար:
Ով կարդացել է, ինձ կհասկանա. գուցե հիմա ժպտում ես, ընթերցո՛ղ:
Չգերազանցված ստեղծագործություն է « Փոքրիկ Իշխանը» և այդպիսին էլ կմնա, գոնե ինձ համար, հավետ:
Ուզում եմ այստեղ լռել ու ներկայացնել այն տողերը, որոնք առավել տպավորիչ են և ուսանելի...


Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, « Փոքրիկ Իշխանը»

* Երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը:

* Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, այդ արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում:
* Շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
* Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ:
* Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է:
* Սնապարծ մարդիկ բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:
* Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
* Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն:
* Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում:
* Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց կարելի է ընտելացնել:
* Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
* Ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լուռ էր: Նա իմն է:
* Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորն աչքով չես տեսնի:
* Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
* Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:
* Նույնիսկ, երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա:
* Սրտին էլ է ջուր պետք:
* Մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում... և չեն գտնում այն, ինչ փնտրում են: Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ, մի կում ջրի մեջ...
* Աչքերը կույր են, հարկավոր է սրտով փնտրել:
* Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
* Ամեն մարդ իր աստղն ունի:
* Նայեցեք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք. «Դեռ ապրու՞մ է վարդը, թե՞ արդեն չկա: Հանկարծ ու գառնուկը կերել է այն...» : Եվ դուք կտեսնեք, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա:

Դե լա՜վ էլի...


Այն բրուտը, որ հունցում է կավը,
Թե խելքը գլխին զննի այդ կավը,
Չի հունցի նրան .....

Աղմուկը խանգարում է, կենտրոնանալ չեմ կարողանում, բայց շարունակել, այնուամենայնիվ, պետք է:

......................       բռունցք ու ոտով՝
Իր նախնիների հողն է այդ կավը:

Օմար Խայամի մասին առաջին անգամ լսեցի համակուրսեցուց: Բայց չկարդացի, Չափածո այնքան էլ չեմ սիրում ընթերցել, միայն «հատուկ» տրամադրության դեպքում: Երկու-երեք օր առաջ վերջապես ձեռքս առա այդ հանճարի քառյակների գրքույկներն ու... այսպես ասած «տարավ ինձ»:

Հավատից մինչև անմահություն - չնչին մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն - չնչին մի պահ է. 

Իսկ ձայնը շարունակում է անգթորեն խանգարել, բայց տողերը ձգում են ու անդուլ խոսակցությանը զուգահեռ՝ ես էլ եմ շարունակում.

Երջանիկ ապիրի, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր-
Քանի որ կյանքի իմաստը միակ - հենց այդ մի պահն է:

Արդեն սկսում եմ նյարդայնանալ: Սիրում եմ, երբ գրադարանի ընթերցասրահում մի տեսակ խորհրդավոր լռություն է լինում կամ գոնե պոետիկ շշունջ, իսկ այն, ինչ ներս մտնելուց ի վեր սղոցում էր լսելիքս, հեռու է ոչ միայն բանաստեղծական լինելուց, այլ նաև մարդկային ուղեղում տեղավորվելուց: Իսկ Խայամն ասում է՝«Սիրտ մաշելուց զատ վիշտն արդյունք չունի»:  Բա սիրտ մնաց, որ մի հատ էլ արդյունք տա՞: Կանխավ երիցս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ գուցե և ոչ պատշաճ արտահայտվել ընթերցասրահի հարևանիս մասին, բայց դե... մինչև ե՞րբ: Միշտ էլ սիրել եմ կարգ ու կանոն: Ինձ համար ամեն բան պետք է իր տեղում լինի. եթե գրել, ապա միայն գեղեցիկ, մաքուր, եթե խոզանակ է, այն պետք է լոգասենյակում լինի, եթե հագուստ՝ պահարանում, իսկ եթե գրադարանի ընթերցասրահում ես, ըստ տրամաբանության՝ պետք է ընթերցես, զրուցելու դեպքում էլ գոնե կողքիններիդ չխանգարես: 

Մարդուն մի չափիր դու ճարտարությամբ...

Ամեն դեպքում՝ փորձում եմ «հավաքել ինձ» ու գործս առաջ տանել, երբեմն մի քանի անգամ վերընթերցելով քառյակը... չէ՜, հիմա վեր կկենամ ու... շարունակում եմ կարդալ

Կրծիր, թե... չկաս, բայց քանի որ կաս՝ երջանիկ եղի՛ր:

Ճիշտ ժամանակին ու տեղին հայտնվեց այս տողը: Փորձեցի կարծել, որ «չկամ», իսկ եթե «կամ», ապա կողքիններս չկան: Բայց չէ, ոնց կլինի: Հազարից մեկ ժամանակ եմ գտել սենյակիս հատակին նստելու փոխարեն ընթերցասրահում մի հաճելի ժամ անցկացնել, այն էլ... հանկարծ ինձ բոլորովին չհետաքրքրող, սակայն անընդհատ խանգարող խոսակցությունից մի պատառիկ գրավեց ուշադրությունս. շտապեցի գրի առնել բառ առ բառ. (դե... մասնագիտական է, ինչ արած). «Էս երիտասարդները, որ հիմա ստեղ նստած կարդում են, սա, կներեք, կարդում են, որ գնան ընդեղ թվանշան ստանան, իսկ ես իմ հոգու համար եմ կարդում»... 

 Մեղա-մեղա...լավ է գոնե լրագրող եմ, ընդամենը գրի առա ասածները, բա որ ասենք կառատեիստ լինեի.... պատկերացնել անգամ չեմ ուզում :Ճ
Ատամներս կրճտացնելով թերթում եմ հաջորդ էջը.

Քո կյանքն անցավոր զուր քամուն մի տուր:

Հակառակի պես քննական շրջան է: Կարդալուն զուգահեռ երբեմն գրառումներ եմ կատարում տետրում: Այ թե վերջին պահին լեկցիա բացող ուսանողի տեսք ունեի, իսկը «գնահատականի համար զուբրիտ անող»: Դեռ դպրոցական տարիներից մի բան որ չեմ սիրել, չեմ սովորել, հենց դրա համար էլ այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որի ցանկացած տարրն ինձ հարազատ ու սիրելի լինի ու հաճույքով սովորեմ, բայց արի ու տես, որ այսօր ինչ-որ մեկն աչքի պոչով ինձ հետևելով հետևություններ է անում ու այն դեպքում, երբ վաղուց արդեն բոլոր գնահատականներս, դիմլոպս ու վկայականս ստացել եմ և դեռ աշխատանքային փորձս էլ վրադիր:
Միայն ինձ համար չէ, որ այսպես նյարդայնացել էի: Ինձ պես շատ-շատերը հաստատ կան, որ կարդում են ընթերցասրահի պարոնի ասած՝ «իրենց հոգու համար» ( թե չէ ես էլ դասախոսի հոգին նվաճելու համար էի կարդում հա՞): 
Հարգելի ավագ սերունդ, Ձեր ապրած տարիների ու կյանքի փորձի չափ հարգում ու ընդունում եմ Ձեզ, բայց սերնդակիցներիս հանդեպ Ձեր թերահավատությունն արդեն լցնում է համբերության բաժակը, լավ էլի: Ախր չեմ ուզում շատ «մանրանամ»: Ես չէ, որ պետք է այս ամենը բացատրեմ: Հա, թող մի քիչ էլ մեքենայացված, բայց հո խելացի սերունդ է ու ԲԱՎԱԿԱՆ Է ԱՄԵՆ ՊԱՏԵՀ ՈՒ ԱՆՊԱՏԵՀ ԱՌԻԹՆԵՐՈՎ ՓՆՈՎԵՔ, ԹԵ ՉԵՆՔ ԿԱՐԴՈՒՄ...


Մի դեպք հիշեցի. մոտ մեկ տարի առաջ, երբ իմ անդրանիկ ռեպորտաժի համար հարցում էի անցկացնում, տեսախցիկն անջատելուց հետո, զրուցակիցս (տարիքով բավականին մեծ), մի տեսակ հեգնանքով հարցրեց. «Աղջիկ ջան, օրինակ դու, կարդու՞մ ես»: Մի քանի անվանում բավական եղավ պապիկի մտահոգությունը փարատելու համար... 

Ընթերցասրահում էլ ինձ զսպում էի, որ նույնը չկրկնեմ. ինչպես ասում են «պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»: Բայց գոնե գրառում կատարելով ուզում էի մի քանի «ճակատ ի մի բերելով» պատին գոնե ճեղքեր թողնել: 


Հ.Գ. Ջուրը կաթիլ-կաթիլ քար է ծակում...

вторник, 24 сентября 2013 г.

Նորից չեն սիրում...



Նորից չեն սիրում, Սիրում են կրկին... 
Սևակյան այս տողերը հայտնի են բոլոր նրանց, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ սիրել են: Սիրել են անմնացորդ և սեփական մաշկի վրա զգացել դրանց ճշմարտացիությունը:

Նորից....
կրկին....  

Փորձենք քննության առնել. առաջին հայացքից ոչ մի տարբերություն, հոմանիշ բառեր են, սակայն, դու՛, ընթերցող, եթե հիշում ես քո առաջին սերը, եթե իսկապես սիրել ես, բոլոր տեսակի բառային մեկնություններն այլևս էական չեն:  

Պատանեկություն, ասել է թե անհոգություն, երբ արեգակը քեզ համար լոկ տիեզերական մի մասնիկ է, որից մոլորակը ջերմություն է ստանում: Լուսինը պարզապես լուսատու մարմին է, անձրևն ու ձյունը` բնության երևույթներ, քամին` սառի ու տաքի միաձուլում, իսկ տերևաթափն ու բողբոջումը զուտ էսթետիկական հաճույք:

Ինչպես ասել է Բալզակը«Սերը հողմի նման է, չգիտենք, թե որտեղից կփչի»:     

Այո՛, քմահաճ մի հողմի` անամպ երկնի լազուրում, երբ արևն այլևս ջերմատու մարմին չէ քեզ համար, այժմ այն իր շնչով փարվում է սրտիդ, լուսինը թանձր խավարի թշնամին չէ, այլ` հոգուդ անդորրությունը, երբ չես հավատում այն հեքիաթին, որ նա աչքեր, քիթ ու բերան ունի: Այժմ նրան նայելով տեսնում ես կարոտով քեզ պարզած հուսահատ մի ձեռք:    
Անձրևին այլևս լալագին չես վերաբերում, հիմա նրա յուրաքանչյուր կաթկթոցին տրոփագին արձագանքում են բոլոր զգայարաններդ, իսկ ձյունը լոկ մանկական զվարճանք չէ այսուհետ. երկնի լաջվարդը ճերմակ շղարշով պատած մաքրության այդ խորհրդանիշը քո անդրանիկ սիրո լուռ վկան է:    
Ծառի ամեն բողբոջի հետ բացվում են և հոգուտ փեղկերը, աշնան ամեն տերևի պես դողում սրտիդ լարերը և նրա պես սավառնելով անձկագին գրկախառնվում հուզմունքից թրթռացող հողին: Անողոք քամին թվում է մեղմ մի զեփյուռ, նրա անդուլ ոռնոցը` հոգեպարար մեղեդի:
    
Եվ զգում ես, որ էլ ոչնչից չես վախենում. ողջ աշխարհն արդեն քոնն է..., իսկ միակ բանը, որ ես ունեի, սիրտս էր, բայց դու այն խլեցիր...


Իրինա Հախունց
04.02.2011