Թերևս անիմաստ ու անհասկանալի թվա վերնագիրս. չկա ոչինչ արտասովոր, ամենևին էլ յուրօրինակ տարբերակ չէ, սակայն, ընթերցո՛ղ, փորձիր իմ աչքերով նայել այդ երևույթին, իմ սրտով զգալ հուզմունքիս էությունը:
Դժվա՞ր է:
Իսկ երբևէ գարնան ավետման հետ հաճելի, միևնույն ժամանակ և անբացատրելի հուզմունք զգացե՞լ ես, երբ ինքդ էլ չգիտես ինչու ամեն քայլափոխի ժպտում ես: Ժպտում ես քարերին, նորածիլ խոտերին, սիրահար թռչնակներին, անգամ քամուն ու անձրևին: Երբ բերկրանքից սանձազերծված սիրտդ ամենուր խենթություններ է որոնում, քչքչան առվակի զրնգույն ձայնը խուլ արձագանքում է ներսումդ, իսկ նրա պղտոր ջրերի ճողփյունը հիշեցնում վաղուց մոռացված ՄԵԿԻ ձայնը:
Բոլոր այս զգացմունքները մեկտեղված հենց այս պահին ապրեցի` մեկ լիաթոք շնչում, մեկ ակնթարթում: Դեղձենին արթնացրեց անզգայացած հուզումներս:
Թուլամորթ տերևները, նրա ամոթխած ծաղիկների վարդագույն գլխիկները պարգևեցին մի նոր կյանք, նոր թրթիռ, ոչ այլ ինչ, քան ուղիղ համեմատական քո մասին մտքերին: Նայում եմ նրանց ժպտուն աչուկներին ու ակամա ինքս էլ հրճվում, վերապրում մեր անցյալը, որը դեռ ներկա է: Նայում եմ ու նրա կիսաբաց թեթիկներում տեսնում ինձ, իմ սիրտը, ապրումներն ու սպասումները: Չէ որ նա էլ ապրում է արևի լույսով, անձրևի ողորմությամբ, հյութեղ պտուղներ ունենալու երջանիկ հույսով:
Երգի՛ր սիրտ իմ. այսուհետ դու ևս հովանավորված ես արևով ու քեզ այնքան հարազատ անձրևի արցունքներով:
Ցնծա ի՛մ սիրտ. քեզ ևս վիճակված է տրոփել անթաքույց այն հույսով, որի գաղտնիքը միայն մենք երկուսով գիտենք:
Դեղձենին ծաղկել է... այն դեղձենին , որի ծարավը սեփական ձեռքերով եմ հագեցրել...
0 коммент.:
Отправить комментарий