Պորտուգալացի հանճարեղ և, թերևս չգերազանցված
ֆուտբոլի մարզիչ Ժոզե Մոուրինիոն մի առիթով ասել է. «Աստված է, իսկ Նրանից հետո՝ ես»: Ապագա լրագրող
Արման Առաքելյանի դեպքում Աստծուց հետո առաջնայինը ֆուտբոլն է: Խաղ, որը, եթե սիրում
ես, դիտելը ձանձրալի լինել չի կարող, թեմա, որի մասին կարող ես զրուցել անվերջ, притом՝ շախմատ խաղալով :D (հա, ի դեպ՝ ես եմ հաղթել) ու մինչ կփորձեմ հասկանալ, թե ինչպես կարող
էի հաղթել, երբ խաղաքարերի դասավորվածությունից անգամ գաղափար չունեմ, առաջարկում եմ
կարդալ մեր հարցազրույցը:
-Արման, կարծում էի կառաջարկես
հարցազրույցն անցկացնել
կանաչ խոտածածկի
վրա, բայց… գտնվում ենք շախմատի տանը: Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը:
-Եկանք շախմատի տուն, որովհետև ֆուտբոլն առաջին հերթին համարում եմ
մտքի խաղ, թեպետ
չի
կարող լինել այնպիսի
մտքի
խաղ, ինչպիսին
շախմատն է: Մտային այդ կապն ինձ բերեց այստեղ: Հաճախ եմ դասերից հետո գալիս ու զարգացնում միտքս,
որը կարելի է նաև ֆուտբոլի դաշտում ներդնել, թեպետ ֆիզիկական պատրաստվածությունն էլ
մեծ դեր ունի, բայց առաջին հերթին ֆուտբոլը մտավոր պայքար է մարզադաշտում:
-Իսկ մարտավարական ի՞նչ ընդհանրություններ ունեն ֆուտբոլն ու շախմատը:
-Շախմատ խաղալիս միշտ պետք է մի քանի քայլ առաջ նայես, նույնն էլ ֆուտբոլում
է, չես կարող հենց այնպես փոխանցում
կատարել: Պետք է նախ մտածես, թե քո փոխանցումն ինչ կտա խաղընկերոջդ: Ֆուտբոլի ու շախմատի նմանությունը հեռատեսությունն է՝
մի քանի քայլ առաջ նայելու կարողությունը:
-Տարիներ առաջ, գերմանական
Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ մրցավարը 11 մ հարված նշանակեց և Միրոսլավ Քլոզեն
նրան ասաց, որ իր նկատմամբ խաղի կանոնները չեն խախտել, ինքն է ուղղակի վայր ընկել:
Այդ քայլի համար գերմանացի ֆուտբոլիստին հատուկ մրցանակ շնորհեցին: Իսկ օրինակ Ք. Ռոնալդուն
շատերի կարծիքով տաղանդավոր ֆուտբոլիստ լինելուց բացի նաև դերասանական հմտություններ
ունի – հաճախ է կեղծ տուգանայիններ վաստակում: Առաջին դեպքում թիմը հաջողություն չունեցավ,
երկրորդ դեպքում՝ հնարքը գործում է հօգուտ սեփական ակումբի: Քո կարծիքով ո՞ր դեպքն
է ճիշտ կամ սխալ:
-Այդ երկուսի միջանկյալն էլ կա – Դիեգո Մարադոննան, երբ աշխարհի առաջնության
եզրափակչում ձեռքով գոլ խփեց, այդ պահին չասեց այդ մասին, բայց խաղից հետո ասաց,
որ դա Աստծո ձեռքն էր, այդպիսով մի փոքր մեղմելով իր արարքը: Իրականում
մարդկային հատկանիշները
շատ կարևոր են ֆուտբոլում, եղել է, որ հարձակվողը զգացել է, որ
11 մ չկա ու միտումնավոր շեղ է հարվածել: Չեմ կարող մեղադրել, շատ կարևոր հանդիպումներում հաղթանակն
ամեն ինչից վեր է:
Եթե ես լինեի, կդժվարանայի: Հա՛,
ասում ենք մարդկային հատկանիշներ, բայց իրականում նրա ուսերին հաղթանակի
պարտավորություն կա:
Բարդ է շատ:
-Իսկ եթե դու լինեիր մարզչի դերում, ինչպե՞ս կվերաբերվեիր Քլոզեի արարքին:
-Կմոտենայի երկու Քլոզեների՝ որպես ֆուտբոլիստ
և որպես մարդ: Որպես մարդ ձեռքը կսեղմեի, շնորհակալություն կհայտնեի, բայց դա որպես ընկեր, այլ ոչ մարզիչ: Իսկ մյուս դեպքում կասեի՝ «Չգիտե՞ս,
որ հաղթանակն
այդքան կարևոր է, պետք է մի կողմ դնեիր այդ ամենը»:
-Խոսեցինք մարդկային որակներից.
«Միլան»-ի հանդիպումներին երբ հետևում
էի, չեմ հիշում մի խաղ, որտեղ Ջենարո Գատուզոն եթե ոչ դեղին քարտ, ապա գոնե բանավոր
նախազգուշացում չստանար, վայրենիի տպավորություն էր թողնում: Չեմ կարողանում հասկանալ ինչպես են ֆուտբոլիստները կարողանում
միմյանց վնասել խաղադաշտում:
-Ֆուտբոլն այնպիսի բան է,
որ, երբ ընկնում ես ազարտի մեջ, մոռանում ես ամեն ինչ: Օրինակ շախմատում չես կարող ընկնել ազարտի մեջ, դու մտային պայքար ես տալիս ու այդքանով ավարտվում է,
իսկ ֆուտբոլը եռացող կաթսա է:
Եռում է ու դու ոչ մի կերպ չես կարող կանգնեցնել
այն: Այս պարագայում ֆուտբոլիսներին պետք չէ շատ մեղադրել, որովհետև լինում են պահեր, որ էմոցիոնալ ֆոնի վրա ստիպված ես լինում գնալ այդպիսի քայլի: Դրանք պատժելի քայլեր են, որոնք էլ ազդում են խաղի համի ու հոտի վրա, բայց այնպես չէ,
որ խաղից առաջ մտածել են պետք է անպայման այդպես անեն. ընթացքն է ստիպում ուղղակի:
-Արման, այսպիսի մի խոսք կա
- 22 գիժ վազում են մի գնդակի ետևից: Ի՞նչ կասես դրա մասին:
-Ֆուտբոլն ինձ համար արվեստ է: Խաղից առաջ դասավորությունն անչափ կարևոր է:
Օրինակ, եթե հենակետային
կիսապաշտպանը առաջ կամ հետ լինի (շախմատի պարտված խաղաքարերով ցույց է
տալիս դասավորությունը), կարող է բաց թողնել մի ամբողջ գրոհ, որը հետագայում կարող է գոլով ավարտվել: Սա նշանակում է,
որ ֆուտբոլն իսկապես արվեստ է: Դու մտածում ես ֆուտբոլիստի դիրքը: Եթե ինքը մեկ մետր կողք կանգնի, կարող է լուրջ գրոհ բաց թողնել:
Հաճախ եմ լսում, որ ոչ ֆուտբոլասերներն ասում են 22 գիժ վազում են մի գնդակի ետևից: Իրականում այն ամենևին էլ անիմաստ չէ: Երբ դու հեռանկարային
փոխանցում ես կատարում՝ տեսնելով մի երեք փոխանցում, թե ինչպես կխաղան թիմակիցներդ, դրանով քո բազմաֆունկցիոնալիզմն ես օգտագործում:
Արվեստ է:
Ֆիզիկականի միջոցով քո մտավորը օգտագործելով ինչ-որ բան ես արարում:
-Նշեցիր, որ ֆուտբոլն արվեստ է:
Եթե լրագրությունում կարող ես աշխատասիրությամբ հասնել հաջողությունների, ապա
արվեստում, օրինակ նկարչությունում, միայն բնածին տաղանդը կարող է փառք ապահովել: Լավ
ֆուտբոլիստ լինելու համար ի՞նչ նախադրյալներ են պետք:
-Առաջին հերթին հենց տաղանդ է պետք: Պարապմունքների միջոցով կարելի է զարգացնել այն, բայց տղային ֆուտբոլիստ սարքել՝ հնարավոր չէ: Ինչ-որ բան պետք է լինի քո մեջից, գնդակի
հետ վարվելու որոշակի բաներ պետք է իմանաս, պատկերացում ունենանաս ֆուտբոլի մասին:
-Դու անմիջականորեն մոտ ես
կանգնած հայկական ֆուտբոլին, ժամանակին էլ եղել ես ֆուտբոլիստ: Ի՞նչ ես կարծում, ի՞նչն
է խանգարում մեր տղաներին հասնելու մեծ հաջողությունների:
-Մեր ֆուտբոլիստներին առաջին
հերթին խանգարում է ներքին առաջնության ցածր մակարդակը: Ունենք հավաքական, որը ցանկացած
հավաքականի դեմ մարտունակ է, բայց, ըստ իս, այսպես երկար այն «գոյատևել» չի կարող, որովհետև ցանկացած
ուժեղ, մրցունակ հավաքական եթե դիտարկենք, կտեսնենք, որ այդ երկրի ներքին առաջնությունը
բարձր մակարդակի վրա է: Ֆուտբոլիստներ մատակրարողը առաջին հերթին հենց ներքին առաջնությունն
է: Մեր ազգային հավքականը հիմնականում հիմնված է լեգիոնականների վրա՝ Մխիթարյան, Օզբիլիս,
Մովսիսիյան ու ներքին առաջնության ֆուտբոլիստները չորրորդական-հինգերորդական տեղում
են: Երբ Մխիթարյանը դաշտում լինի, իսկ պահեստայինների նստարանին նստած լինի նրան հավասարազոր
ֆուտբոլիստ տեղական առաջնությունից, այդ ժամանակ կարող ենք խոսել մրցունակ հավաքականի
մասին:
-Ի՞նչ կասես 12-րդ խաղացողի
մասին:
-Հինգ-վեց տարի առաջ ուղղակի
կարող էինք երազել, որ «Հանրապետական»-ը լեփ-լեցուն լիներ:
Եղավ մի շրջան, երբ ազգային հավաքականը խոր անկան մեջ էր, ուղղակի կարիք չկար գնալու
մազադաշտ: Գնում էինք ու տեսնում հերթական պարտությունը: Բայց մի կայծը ստիպեց որ
մարդիկ գնան, ֆան-ակումբներ բացվեցին, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում:
Եթե Մխիթարյանը չգնար Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև «Շախտյոր» և նման խաղով աչքի չընկներ,
չեմ կարծում երկրպագուները կգնային մարզադաշտ: Կամ Մովսիսյանը Ամերիկայի, իսկ Օզբիլիսը
Հոլանդիայի հավաքականի փոխարեն չընտրեին Հայաստանը, նման պատկեր չէր լինի:
-Արդյոք սխալ չէ՞ տվյալ մոտեցումը:
Երբ թիմը ճգնաժամի մեջ է, երկրպագուները երես են թեքում, իսկ երբ հաջողություն է ձեռք
բերում, գնում ու ասում են՝ «Եկել ենք»:
-Այդպես է, ճիշտ նկատեցիր:
Բավականին հավատարիմ երկրպագուներ էլ կային, ովքեր գալիս էին, բայց հավքականի ներուժն
այն չէր մինչ պորտելֆիլդյան ժամանակաշրջանը, ով սկիզբ դրեց մինասյականկան շրջանին:
Մեր ֆուտբոլի մակարդակը շատ ցածր էր ու չեմ կարծում, թե մարզիչը երկրպագուների քանակին
նայելով էր ասում, թե ֆուտբոլիստներն ինչպես խաղան:
-Հիշում եմ, ամիսներ առաջ
Հանրային հեռուստաընկերության «Ազատ գոտի» հաղորդաշարին հյուրընկալվել
էին «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի հայաստանյան ֆան-ակումբի անդամները և «Բարսելոնա»-ի երկրպագուները իրենց մեղմ ասած շատ վատ պահեցին եթերում: Հա, հասկացանք թշնամի
ակումբներ են, բայց ինչու՞ պետք է մենք լինենք
այդ ամենի կրողը:
-Սա ևս կապում եմ ներքին առաջնության
հետ: Որոշ երկրներում կան թիմեր, որոնք ներքին առաջնություններում հիմնական գործող
ակումբներն են և նրանց հանդիպումները կոչվում են դերբի, որոնք իրենց նշանակությամբ
«Ռեալ»-«Բարսելոնա» խաղից պակաս չեն: Մեր երկրի
թիմերի մակարդակը շատ ցածր է և չկա մի հակամարտություն, որի մասին անգամ տաքսու, երթուղայինի
վարորդները խոսեն : Եթե մենք էլ ունենայինք գոնե երկու այդպիսի թիմ, «Ռեալ»-«Բարսելոնա» հակամարտությունը կմեղմվեր
մեզ մոտ: Բայց մեր խաղերին գալիս են 150-200, ծայրահեղ դեպքում միայն 1000 հանդիսատես:
-Երեք բառով ֆուտբոլն ու քո
կյանքը կապիր իրար:
- (Մտածում է): Չե՛մ կարող (ծիծաղում է),
շատ դժվար հարց է: Չեմ կարող բառերով բնութագրել, թե ֆուտբոլն ինչ է ինձ համար - երբ
քնում ես ֆուտբոլով, արթնանում ես ֆուտբոլով, օրդ անցկացնում ես ֆուտբոլով: Ցանկացած
երևույթ ինձ համար կապվում է ֆուտբոլի հետ:
-Իսկ ինչպե՞ս կբնութագրես
Դել Պիերոյի խոսքն ուղղված Կակային - «Սեփական ակումբի հանդեպ սերն ապացուցում են B սերիայում խաղալով, ոչ թե Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելով»:
-Ֆուտբոլն առևտուր է: Շատ
եմ հարգում Կակային և նրա մարդկային որակները: Երբ «Ռեալ»-ից առաջարկ եղավ, ասաց,
որ միայն ակումբի համաձայնության դեպքում կտեղափոխվի, իսկ ակումբի համար դժվար էր հրաժարվելը
աստղաբաշխական գումարից և Գալյանին երկու ձեռքով, նույնիսկ պարելով (ծիծաղում է) Կակային
վաճառեց: Դել Պիերոյի մարդկային որակներն է՛լ ավելի բարձր են: B սերիայում խաղալը պատիվ
չէր այդ կարգի ֆուտբոլիստի համար, երբ հավակնում էիր չեմպիոնությանը, բայց հանկարծ
խաղում ես կիսասիրողական թիմերի հետ: Անգամ պահեստայինները A սերիայի ցանկացած թիմում
կարող էին եղանակ փոխել, բայց նրանք եղան թիմի կողքին ամենադժվարին պահին: Դել Պիերոն փոքր ինչ սուր է ասել, դրա հակառակ կողմն էլ կա: Երկուսն էլ ճիշտ են:
-Ինքդ ինչպե՞ս կվարվեիր նման
պարագայում:
-10 տարի առաջ տրնասֆերային
շուկան այլ պատկեր ուներ, ֆուտբոլիստները մեծ կշիռ ունեին, իրենք կարող էին որոշել՝
գնալ, թե ոչ: Իսկ հիմա ֆուտբոլիստն ուղղակի կոպիտ ասած ֆուտբոլային առարկա է դարձել՝
հաղթանակի միջոց: Պարգևեցի՞ր հաղթանակը, դե՝ հաջող: Ինչպես օրինակ Դրոգբայի դեպքում
էր:
-Իսկ ո՞րն է պատճառը, որ ֆուտբոլիստն
ի տարբերություն առաջվա, այժմ այսպես ասած իր գլխի տերը չէ:
-Ակումբների զարգացվածությունն ու ֆինանսական ներհոսքերը: Օրինակ Մեսսին 11 մլն. եվրո աշխատավարձ է ստանում, բայց գովազդից
եռակի է վաստակում: Եթե խաղար ավելի ցածր թիմում, այդքան չէր վարձատրվի, բայց նա «Բարսելոնա»-ի խաղացող է:
Ակումբը խաղացողի վրա մեծ
գումարներ է ներդնում և փոխարենը մեծ պահանջներ ներկայացնում:
-Կարելի՞ է ասել, որ պատճառը
հենց փողն է. ընկնում են դրա ետևից ու մոռանում, որ իրենք ֆուտբոլիստ են:
-Այո, դա է պատճառը: Առաջ,
երբ համատարած ֆինանասկան չզարգացվածություն էր, պատկերն էյլ էր, հիմա ցանկացած հարց
գումարով է լուծվում:
-Եվ վերջում, հարց, որը չտվեցի,
բայց կցանկանայիր խոսել այդ մասին:
-Կցանկանայի մի կոչ անել ֆուտբոլասերներին,
ովքեր այժմ հավաքականի փոքրիշատե հաջող խաղերին հետևում են - ֆուտբոլ սիրելը նորաձևություն
չէ: Ֆուտբոլը ավելի խորն է, պետք է զգաս այն: Մարզաշապիկ հագնել, ներկվել, ականջօղներ
կախել, եռագույնով, շարֆերով մարզադաշտ գնալը դեռ բավական չէ: Դա ուղղակի աղն է, որը
կարելի է հաղորդել ֆուտբոլասեր կոչմանը: Որպես իսկական ֆուտբոլասեր, նախ պետք է ունենաս
վերլուծական միտք, կարողանաս նայել խաղը, ոչ թե հայհոյել մրցավարին, լինել հանգիստ,
գոռալը քեզ ֆուտբոլասեր չի դարձնում:
Շնորհակալություն,
Արմա՛ն: Գնամ շախմատ խաղալ սովորեմ :DD
Իրինա Հախունց