вторник, 5 ноября 2013 г.

Խենթ ու խելառ պատմությունները t!Qs-ից անպակաս են


(մաս 2-րդ)


-Տիգրան, գրեթե բոլորիս հետ էլ ուսանողության տարիներին խենթ ու խելառ պատմություններ շատ են եղել: Կհիշե՞ս այդպիսի մեկ-երկուսը, որոնք ամենաշատն են տպավորվել:
-Մի օր, երբ աշխատանքի գնացի (16 տարեկան էի դեռ), տնօրենը չկար և աշխատավարձի օր էր: Աշխատողներով բավականին շատ խմեցինք: Հիշում եմ, որ ինձ համար իմ համաստեղության նշանով կուլոն էի ուզում գնել և գումար չխնայել դրա համար: Գնացի «SAS» սուպետմարկետ, տեսա կուլոնը, որը բավականին թանկ էր: Նկատեցին, որ խմած եմ, ես էլ մտածեցի խեցգետն է պատկերված, բայց - կարիճ էր: Գնեցի ու միայն առավոտյան արթնանալով տեսա, որ կարիճ է: Գնացի սուպերմարկետ, բայց աշխատողն այդպես էլ «պրիզնատ» չեկավ: Ու այդ օրվանից հազվադեպ եմ հանում վզնոցս, շատ սիրեցի այն հետո:
Մի անգամ էլ, հիշում եմ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց կավճանկարի մրցույթ էր: Ես յուղաներկով էի նկարում, որը չէր թույլատրվում, բայց չէին նկատել ու այդպես պատահաբար նստեցի ներկապնակի վրա, շալվարս յուղաներկ էր եղել: Վերարկուս կապեցի գոտկատեղիս, որ չերևա: Երբ կապեցի, գրպանիցս կոպեկները թափվել էին, չէի նկատել: Այդպես ներկոտ, կաշկանդված, չէի ուզում, որ ինձ տեսնեն այդ վիճակում, նստեցի երթուղային, ճանապարհի կեսին նկատեցի, որ սխալ երթուղային եմ նստել ու երբ ուզեցի իջնեմ, տեսա, որ գումար չունեմ: Արդեն չեմ հիշում, թե ինչպես փախա այդտեղից: Առաջին անգամ էր, որ տուն հասնելու համար ես պետք է գումար գտնեի ու չգիտեի էլ որտեղ եմ: Չեմ հիշում, թե քանի հոգուց ուզեցի, որ 100 դրամ հավաքվի ու ես տուն հասնեմ: Ու երբ նստեցի երթուղային, տեսա բոլորը ծանոթ աղջիկներ են: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես պետք է առաջ ընկնեմ ու վճարեմ: Բորբոքված էի, լացս գալիս էր, արդեն այն աստիճանի հասա, որ չդիմացա ու բարձր ասեցի. «ինձ մոտ փող չկա՛, շալվարս ներկոտա, փողերս էլ կորցրել եմ, Ձեր տեղը ստացե՛ք, ես չե՛մ ստանալու» ու հանեցի, որ իմ գումարը տամ, տեսա, որ այդ 100 դրամն էլ եմ կորցրել:
Այդպիսի խելառ դեպքեր շատ են եղել: Մի անգամ էլ «Terra Nova» հագուստի սրահից պատվիրել էին, որ ցուցափեղկի համար երեխայի նկար նկարեմ, չէի ուզում տոպրակ վերցնել ներկերի համար ու բոլորը վերարկուիս գրպաններում տեղավորեցի: Հենց մետրո մտա, ոստիկանությունը բռնեց, ասեցին կասկածելի դեմք եք ու տարան ստուգելու: Որ մի գրպանս դատարկում են, մատիտ, ֆլոմաստեր ու յուղաներկ է դուրս գալիս: Սեղանի վրա էլ տեղ չկար, աշխատողները բոլորը եկել էին, իրենց համար դա շատ տարօրինակ էր: Ես էլ ամաչում էի խոսել: Ասեցին գողացե՞լ ես, ասեցի չէ՛, նկարիչ եմ :Դ Այդպես հետ լցրեցին գրպաններս ու գնացի, բայց վերադառնալիս տոպրակով էի արդեն:


-Տիգրան, սովորաբար ստեղծագործող անհատները շատ զգայուն են լինում: Ինչը՞ կարող է քեզ ուրախացնել և հակառակը՝ հիասթափեցնել:
-Չգնահատվելը: Positive եմ շատ, փորձում եմ ամեն ինչ դրականի վերածել, բայց որ անտեղի բաներ են լինում, թեկուզ գործի մեջ, որ դրա հետ կապ չունեմ անգամ, տրամադրությանս անկման վրա ազդում է: Հիմա արդեն շատ եմ փոխվել, կարող է  ազդել սիրածս էակի կողմից որևէ բան, որն ամբողջ օրս փչացնի, հետո հարթվի այդ ամենը, բայց կողքինները չե՛ն իմանա, տեսքիցս չի զգացվի:


-Իսկ ուրախացնելը՞…
-Շոլոլադ (ու ծիծաղում է):


-Այդ դեպքում՝ վերջում գուցե ուրախացնեմ (ես էլ եմ ծիծաղում):
-Գրեթե միշտ ուրախ եմ, շատ հեշտ է ուրախացնելը, անգամ հետաքրքիր թեմայից խոսելիս տրամադրությունս ինքն իրեն բարձրանում է, իսկ ահա՛ իմ ընկերները կամ շատ հումորով են կամ իսպառ զուրկ դրանից և դա էլ է ծիծաղելի:


-Տիգրան, ո՞վ է քո թիվ մեկ քննադատը:
-Սիրածս էակը: Նկարներս առաջինն իրեն եմ ուղարկում: Ինքը մեծամասամբ նկարի վատ կողմերն է նշում, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենից: Չեմ սիրում, ճիշտ է, երբ վատն են ասում, միշտ հաճելի է լսել լավը, բայց շատ ճիշտ է, երբ վատը ասում են: Դա օգնում է, որ ավելիին ձգտես, շտկես սխալները: Լավը միշտ փափուկ բարձ է դնում գլխիդ տակ: Առաջին ցուցահանդեսիցս հետո բոլորը գովում էին ու համարյա մեկ տարի լռություն էր, ոչ մի բան չարեցի: 2-րդի ժամանակ արդեն խնդրում էի վատը ասեն, որ շտկեմ, ուղղեմ: Եվ դրանից հետո շատ բաներ սովորեցի:
 Երբ նկարը լիարժեք է լինում, այդ ժամանակ նոր կարող եմ լավը լսել իրենից: Երկու տարի արդեն չենք տեսել միմյանց, բայց այդ ընթացքում ավելի ենք մոտոցել, քան, երբ ինքն այստեղ էր:



-Իսկ այսպես ասած՝ ո՞վ է ամենաշատը երես տալիս:
-Օ՜յ, շատ-շատ են երես տալիս (ծիծաղում է):  Չգիտեմ ինչքանով եմ երես առնում, բայց փորձում եմ լավն ու վատը հավասարակշռել, որ այսպես ասած՝ աստղայինս չտանի: Ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր ինձ այնպես են ներկայացնում, ինչպես կներկայացնեին Սալվադոր Դալիին: Բայց փորձում եմ հնարավորինս ցածր գնահատել, որ անըդհատ ձգտեմ ավելիին: Պետք է փորձեմ եղածից առավելն անել, որովհետև սրանից թույլը չի նայվի արդեն: Ասում են՝  «Լռի՛ր և խոսի՛ր միայն ա՛յն ժամանակ, երբ ասելիքդ լռությունից արժեքավոր է»: Դրա համար մինչև չտեսնեմ լավ որակ, չեմ ցուցադրի ոչ մի նկար:


-Հաշվի առնելով, որ քո նկարներում պայծառություն շատ կա, հետաքրքիր է կյանքի՞ն էլ ես այդ նույն արվեստագետի աչքերով նայում:
-Այո, շատ: Ինքս շատ եմ տարբերվում մեր ընտանիքի անդամներից: Միշտ ասում են՝ Տիկոն ոնց որ ուրիշ ընտանիքից լինի: Իմ մեջ դրական տրամադրվածություն միշտ կա: Դա էլ է նոր, վերջին մեկ տարում է հայտնվել, առաջ շատ էի ընկճվում: Ամենաբարդ իրավիճակներին անգամ հիմա փորձում շատ թեթև ու հումորով նայել, շփվել այն մարդկանց հետ, ում մեջ positive կա, որ negative-ը չփոխանցվի ինձ: Թեթևությունից լավ բան չկա: Ամեն ինչում փորձում եմ ինչքան հնարավոր է գույն լինի, նույնիսկ հագուստի մեջ: Իմ տեսքից չի երևում, բայց հաշված օրեր առաջ դժբախտություն պատահեց ընտանիքում (Տիկ ջան, կներես, գիտեի այդ մասին, բայց լեզուս չպտտվեց ասել L ): Տառապանքը փորձեցի սպանել առանձին, որ իմ տխրությունը չփոխանցվի ուրիշներին, իմ սենյակում դուռը փակել ու այդ ամենը մարսել, որ երբ դուրս գամ ընտանիքիս անդամներն իմ վիճակից ավելի չազդվեն, այլ՝ դրականը վերցնեն, ոչ թե սփոփեն ինձ:


-Իսկ նկարելու համար սպասու՞մ ես մուսայիդ, թե՞ որոշում ես, որ այդ պահին պետք նկարես ու սկսում ես աշխատել:
-Մուսաներս շատ են լինում, թեպետ վերջին ցուցահանդեսից հետո մի տեսակ կարծես ընդմիջումային վիճակ է: Հետևանքներն եմ քաղում, բայց երբ ասում են թե ինչ թեմայով նկարեմ, դրանից է մուսան ստեղծվում, նաև երաժշտությամբ: Կան նկարներ, որոնք կիսատ են մնացել, դրանց մուսան փախել ա :Դ


-Ստեղծագործողները երբեմն իրենց գործերից որոշները ցույց չեն տալիս ոչ մեկին, անգամ ոչնչացնում են ստեղծելուց հետո: Դու այդպիսի գործե՞ր ունես:
-Նկարների առումով ես մի քիչ թիթիզ եմ (ժպտում է),  շատ եմ սիրում ցուցադրել: Ունեմ նկարներ, որ դեռ չեմ ցուցադրել, մինչև իմ ուզած որակը չստանամ: Ինձ թվում է, եթե ես չգնահատեմ, ուրիշները չեն գնահատի: Վերջին ցուցահանդեսին, որին դու էլ ներկա էիր, ես լուսանկարչական ապարատը կախել էի վզիցս և հետևում էի մարդկանց, իբր ես չեմ նկարների հեղինակը, այլ՝ ուղղակի լուսանկարիչ եմ, որ լսեմ, թե ինչ են խոսում: Այն մարդիկ, ովքեր կանգնում էին այն նկարների մոտ, որոնք ես համարում էի ստացված, տեսնում էի, որ որակը նկատում, գնահատում են:



-Տիգրան, որքանով հասցրել եմ ճանաչել քեզ, կյանքում շատ positive, թեպետ մի քիչ էլ ամաչկոտ անձնավորություն ես (ծիծաղում է), ստեղծագործելուց այդ ներքին էներգիադ կարողանու՞մ ես քո ուզած ձևով արտահայտես, որ տեսնողները ճիշտ ընկալեն:
-Հա՛, նկարելիս կողքից որ տեսնեք, թե ինչ է կատարվում ինձ հետ, երբ իմ ուզածն եմ ստանում - թռնելը, ամեն կողմից նայելը, տնեցիներին ցույց տալը… ստացվու՛մ է: Յուղաներկով նկարներն են, որ երբեմն չեմ կարողանում հասցնել իմ ուզած որակին, յուղաներկով շատ բարդ է: Սկզբից ուզում եմ նկարել մի բան, բայց բոլորովին այլ ուղղությամբ եմ գնում: Շատ եմ նկարում, որ կարողանամ հասնել իմ ցանկացած որակին: Հորեղբորս տուն, որն ինձ համար արվեստանոց է դարձել, բնորդներ եմ տանում, նկարում յուղաներկով, որ առաջ գնամ:


-Որպես ոլորտին անմիջականորեն մոտ կանգնած մարդ, ասա, խնդրում եմ, տաղանդից բացի ի՞նչ նրբություններ են անհրաժեշտ նկարիչ դառնալու համար:
 -Ռիսկ: Ալարկոտությունն էլ կիլոմետրերով հեռու է նկարչությունից: Ես էլ եմ ինչ-որ չափով ալարկոտ: Շատ կարևոր է նաև երաժշտությունը: Օրինակ՝ սովորական ջուրը, եթե ռոք երաժշտության ներքո խմես, ուրիշ զգացողություն է, և բոլորովին այլ, եթե դաշնամուրային նվագի ներքո խմես: Նույնն էլ նկարչության մեջ: Ամեն ինչ պետք է հնարավորինս թեթև, հանգիստ երաժշտության ներքո անես, որ կարողանաս նկարել: Կար ժամանակ, որ ուզում էի աբստրակտ նկարել, ռոք էի լսում, որ ներկերն ազատ տարածեմ, բայց դասական երաժշտության ներքո կարող ես ավելի գրագետ, գեղեցիկ ձևով նկարել:


-Շարունակիր միտքը, խնդրում եմ, եթե չլինեի նկարիչ, կլինեի…
-Եթե չլինեի նկարիչ, ունենայի ձայն (ծիծաղում է), կլինեի երգիչ, երևի: Շատ եմ սիրում երգել: Լսողություն,ասում են, ունեմ, բայց ձայն՝ չեմ կարծում: Երաժշտությամբ կզբաղվեի, բայց նկարչությունն էլ կօգտագործեի, նրա մեջ ամեն ինչ կա: Ֆիմերով էլ եմ շատ հետաքրվում և ցուցահանդեսից հետ Վիգեն Չալդրանյանն առաջարկեց միասին աշխատել, ամռանն արդեն գուցե ֆիլմ նկարենք: Այսքան բանից հետո մեկ-մեկ մտածում եմ արդյոք նկարներս այդքան արժեքավո՞ր են արդեն: Բայց դա երևի նրանից է, որ ամեն ինչ փորձում եմ ինքս անել: Ցուցահանդեսիս ժամանակ էլ թեպետ հովանավոր-օգնողներ կային, բայց մեծամասնությունը գրեթե ես արեցի - պաստառները տարածելը, գովազդելը համացանցում, հայելիները և այլն…  Օրինակ՝ Էմմի Ուայնհաուզի նկարը մոտ 100 ֆան-ակումբների եմ ուղարկել և բազում շնորհակալական նամակներ ստացել: Դու ինքդ պետք է քեզ ցույց տաս, ոչ մեկ չի նկատի, որ այս պատի ետևում նկարող կա: Շատ եմ աշխատել, որ կարողանամ այս ամենը քաղեմ: Դրա համար, երբ ընդմիջումներ են լինում, հանգիստ եմ՝ ուրեմն վաստակել եմ դա:



(հարցազրույցի առաջին և երրորդ մասերը: Կից ներկայացնում եմ նաև Տիգրանի ծաղրանկարների երկրորդ անհատական ցուցահանդեսի մասին պատրաստածս ռեպորտաժը : )

շարունակելի...
Իրինա Հախունց

0 коммент.:

Отправить комментарий