вторник, 5 ноября 2013 г.

Վերնագիր չունեմ


Օ՜ աստվածներ:
Զուր չեմ այս մեջբերումով սկսում: Մտքերս հավաքելու, և ըստ արժանվույն դրանք ներկայացնելու համար այս պահին ինձ իսկապես դիցաբանական կերպարների մի ամբողջ «կույտ» է անհրաժեշտ:
Ասում են՝ «Քոռանա էն աչքը, որն առաջինն իրեն չի տեսնում» (հմմ, տեսնես ո՞վ է ասել), դե… դեմ չեմ, բայց մի փոքր էլ hummanity ասվածս ի ցույց դնեմ՝ քոռանա էն աչքը, որ նախ կողքինին չի տեսնում:
Իհա՛րկե կստեմ, եթե ասեմ, որ մեր Օրենսգիրքը, Սահմանադրությունը ծայր ի ծայրե անգիր գիտեմ (գրողը տանի, երբեմն նույնիսկ բազմապատկման աղյուսակն եմ մոռանում), բայց կան «ընդհանուր դրույթներ», որոնք թեկուզ տրամաբանությունից ելնելով, հստակ հասկանալի են: Ու ոչ մի կերպ չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում քաղաքացին դիմում է համապատասխան գերատեսչությանը, այնտեղից մեկ այլ ստորաբաժանման փաստաթուղթ են պահանջում, իսկ ահա վերջինս «նման հարցերով չի զբաղվում»:
Լուսավորեք տգետիս, խնդրեմ, վարչությունները չգիտե՞ն ինչի համար ում ուր ուղարկեն, թե՞ «կոլխոզը լեշ ա, չուտողը էշ ա»-ի տարբերակով իրենց վեր են դասում ընտանի, աշխատավոր կենդանուց ու ջանասիրաբար մատներն են լպստում:
Ընկերոջս հետ ընդունարանում սպասում ենք մեր հերթին (վերջին բառն, իհա՛րկե, սխալ էր, բայց չէ, չեմ պատմի, որ «հերթին» սպասելու փոխարեն քառորդ ժամից ավելի աշխատակցին էինք սպասում, չեմ պատմի, թե «վերևից» ինչ են կարգադրում, իսկ ներքևում ինչ են ասում, չեմ պատմի…. Բայց ա՛յ թե «վերևում» ինչպիսի ընդունելության արժանացանք, դա անպայման կպատմեմ. առանձին):
«Հերթին» սպասելով «ձեռի հետ» էլ կողքիններին ենք լսում: Կինը, ով առողջական լուրջ խնդիրներ ուներ, հաշմանդամ էր, անտեսելով այդ ամենը, գյուղից հասել էր մայրաքաղաք և հենց ընդունարանից ետ են ուղարկում՝ ոչ տուն, այլ՝ մեկ այլ գերատեսչություն:  Հասկանում եմ, տվյալ վարչությունն այդ գործով չի զբաղվում (թեպետ անվանումը շատ խոստումնալից է այդ տեսակետից, ինչևէ), բայց ժողովուրդ, Բեն Լանդենին (էհ, ողորմի) դատել-սպանել-բաց թողնելու հարցը չի, որ չեք իմանում ինչ անեք կամ ուր ուղարկեք: Ամեն մեկն իր հերթին «պաս է տալիս», արդյունքում ոչ մեկին էլ  «իրավասու» չէ հարցը լուծելու, տվյալ դեպքում՝ իր-իսկ բնակչի կողմից հասարակ դիմում ներկայացնելու:
Հանե՛ք խիղճը գրպաններից. 16-ամյա պատանին է մոտենում և նախարարության դռների մոտ օգնություն առաջարկում «մերժվողին», իսկ նա հարևանի տղայի բաճկոնն էր խնդրել, որ ներկայանալի լինի, որ… չմրսի…

Իրինա Հախունց

0 коммент.:

Отправить комментарий