вторник, 24 сентября 2013 г.

Երիտասարդ ռոքերները ո՛չ մի բողոք չունեն





Մոտ երեք ամիս առաջ չորս երիտասարդներից կազմված երաժշտական ռոք խումբն առաջին անգամ բեմ բարձրացավ: Ջութակահար, կիթառիստ, ստեղնաշարային գործիքներ նվագող և վոկալիստ: YOUNG  FOLKS անվանումն այսօր քիչ-թե շատ արդեն հայտնի է: Հերթական համերգը հունվարի 27-ին էր, որին էլ հաջորդեցին նորերը. «փոքր համարներ Ֆիլհարմոնիկում, STOP CLUB-ում, լիքը մանր-մունր համերգներ և ապագա մեծ բեմեր»,- ինչպես նշում է խմբի ջութակահար և ժամանակավոր պրոդյուսեր Գոռ Կարապետյանը (հուսամ՝ կհասնեք մեծ բեմերի):

Առաջընթացի հետ միասին ավելացան նաև խմբի անդամները՝ հասնելով յոթի – Գոռ Կարապետյան՝ ջութակ, Դավիթ Եսայան՝ էլեկտրո-կիթառ, Սոֆի Գրիգորյանց՝ վոկալ, Վահե Նուրիջանյան՝ ստեղնաշար, Կարեն Կարապետյան՝ հարվածային գործիքներ, Արսեն Աղաջանյան՝ բասս, Ռաֆայել Հովհաննիսյան՝ թավջութակ, Սերգեյ Գրիգորյանց՝ ակուստիկ կիթառ:

Ինչպես հաճախ է լինում այսպիսի դեպքերում, խումբը երկար ժամանակ մտածում էր անվանման մասին: Ի վերջո, Գոռի և առաջարկով ու մնացած բոլորի համաձայնությամբ իրենց կոչեցին YOUNG FOLKS – երիտասարդ մարդիկ:  
-Folks-ը՝ որպես բնիկ, ազգից մարդիկ,- նշում է Գոռ Կարապետյանը:

Մարտի 28-ին, Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում «երիտասարդ մարդիկ» կրկին փայլեցին իրենց տաղանդով: Մոտ 30 րոպե և դրական լիցքերի մի ամբողջ հեղեղ: Խումբը հանդես եկավ այնպիսի հայտնի կատարումներով, ինչպիսիք են  Russian red – ''Loving strangers'', Tim McMorris – ''Super hero'', The Cranberries – ''Zombie''…
Համերգի ընթացքում հնչեց նաև խմբի առայժմ միակ երգը՝ '' I'm a dreammer''.

-Երգը դեռևս մինչև վերջ պատրաստ չէ, թեպետ ներկայացրեցինք համերգին: '' I'm a dreammer''-
ն ինը րոպեանոց երգ է, իսկ մենք մոտ չորս րոպե միայն նվագեցինք: Կա ևս մեկը, որն այս պահին պատրաստման փուլում է: Վերցրել ենք Տերյանի խոսքերը և երաժշտություն սարքել,- հայտնեց ջութակահարը:

-Գոռ, ուշադրությամբ հետևում էի և նկատեցի, որ Ձեր սեփական երգի ընթացքում Դուք ջութակով նվագեցիք հատված Կոմիտասից: Ու՞մ գաղափարն էր այդ հետաքրքիր համադրությունը:
-Համադրությունը կիթառահարի գաղափարն էր: Փորձեցինք, տեսանք, որ սիրուն ստացվեց:

-Իսկ այս համերգի գաղափարն ինչպե՞ս ծնվեց:
-Ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանն առաջարկեց 30-40 րոպեանոց մի միջոցառում կազմակերպել և այդպես միասին համաձայնության եկանք: ճիշտ է, ամեն ինչ շատ արագ արեցինք…. (ու այստեղ մեջ է ընկնում մեր Մանուկը :Դ ) – Ասեմ Իրինա ջան, սա պետք է մինչև ապրլի 6-ը լիներ, բայց այս մարդիկ տե՛ս, թե երբ արեցին: Ա՛յ, այսքան արագ իրենք պատրաստվել են և պետք է երախտապարտ լինենք, որ այսքանն էլ ստացվել է (հա, բայց ես բան չասեցի):

-Սովորաբար, Գոռ, ասում են, որ ռոքը բողոք է: Ո՞րն է Ձեր բողոքը:
-Չէ, մենք բողոք չունենք: Մենք երբեք չենք բողոքի՝ այսպես, այնպես, ինչ-որ բան մեզ համար լավ չի… Մեզ համար լավը մենք ինքներս ենք ստեղծում և կփորձենք ամեն ինչ անել: Մենք մեր աշխարհն ունենք, մեր երաժշտությունը ու այդ երաժշտությամբ փորձում ենք մի քիչ ոգևորել մարդկանց: Ինչ-որ նպատակ չունենք՝ գանք, խումբ ստեղծենք ու բողոքենք:

-Այն լուսանկարը, որ կա Ֆեյսբուքում,- պատմում է Մանուկ Նիգոյանը,- որ ես ու պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը նստած խոսում ենք (և որի հեղինակը ես եմ, էլ ինչ համեստություն անեմ ;), շատ լրագրողների անհանգստացրել էր, թե ինչ էին խոսում Մանուկ Նիգոյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք խոսում էինք որևէ միջոցառում կազմակերպելու մասին: Թո՛ղ չանհանգստանան: Ես պարոն Հովհաննիսյանի հետ ուրիշ բան չէի խոսի: Հայաստանի ժամանակակից արվեստների միությունն էլ իմանալով այս հանճարեղ երիտասարդների մասին, առաջարկեց Գոռին փոքրիկ մենահամերգ կազմակերպել:
Իրենք հրաշալի են, յուրօրինակ են, յուրահատուկ են, իրենք իրենց տեղը գտնելու են երաժշտական թոհուբոհի մեջ ու ամենաչնչին օգնությունից մինչև ամենաահռելի օգնությունը ես պատրաստ եմ, ԽՈՍՔ ԵՄ ՏԱԼԻՍ ՝ ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ  միության հետ միասին հովանավորել այս խմբին սկզբից մինչև վերջ, եթե նրանք ունենան դրա կարիքը, ամե՛ն ինչով … այս «ամեն»-ը քրիստոնեական Ամեն-ի հետ չասոցացնես (թե ասա, երբ եմ քո հետ կրոնից խոսացել որ :Դ ):

Խմբի կիթառահար Դավիթ Եսայանի խոսքերով համերգից իրենց սպասելիքներն արդարացան. «Պոզիտիվ էր: Ինձ համար առաջնայինը դա էր»,- նշեց Դավիթը:
-Դավիթ, իսկ ինչու՞ հայկական երգեր չլսեցինք այսօր:
 -Դուք Կոմիտաս չլսեցի՞ք,- զարմանում է Դավիթը:

-Կոմիտասի «Չինար ես-ից հատվածն, իհա՛րկե, լսեցի (Դավիթն էլ ավելի է զարմանում՝ բարցրաձնելով հոնքը և բազմանշանակ նայելով) բայց երգ՝ հայկական՝ չկար:
-Պարզապես չհասցրեցինք պատրաստվել, իսկ հայկական գործեր մեր հետագա համերգներին կլինեն:

-Ե՞րբ Ձեզ կրկին կտեսնենք ավելի մեծ բեմում:
-Ես չգիտեմմմմմ, դա՝ մեր Մանուկի հետ… (Լսեցի՞ր, ավելի ճիշտ՝ կարդացիր Մանուկ ջան. դե՛, մոտ ապագայում նկատի կունենաս, կարծում եմ):

Իսկ YOUNG  FOLKSին մաղթում եմ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ!

Իրինա Հախունց













0 коммент.:

Отправить комментарий