Թե խելքը գլխին զննի այդ կավը,
Չի հունցի նրան .....
Աղմուկը խանգարում է, կենտրոնանալ չեմ կարողանում, բայց շարունակել, այնուամենայնիվ, պետք է:
...................... բռունցք ու ոտով՝
Իր նախնիների հողն է այդ կավը:
Օմար Խայամի մասին առաջին անգամ լսեցի համակուրսեցուց: Բայց չկարդացի, Չափածո այնքան էլ չեմ սիրում ընթերցել, միայն «հատուկ» տրամադրության դեպքում: Երկու-երեք օր առաջ վերջապես ձեռքս առա այդ հանճարի քառյակների գրքույկներն ու... այսպես ասած «տարավ ինձ»:
Հավատից մինչև անմահություն - չնչին մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն - չնչին մի պահ է.
Իսկ ձայնը շարունակում է անգթորեն խանգարել, բայց տողերը ձգում են ու անդուլ խոսակցությանը զուգահեռ՝ ես էլ եմ շարունակում.
Երջանիկ ապիրի, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր-
Քանի որ կյանքի իմաստը միակ - հենց այդ մի պահն է:
Արդեն սկսում եմ նյարդայնանալ: Սիրում եմ, երբ գրադարանի ընթերցասրահում մի տեսակ խորհրդավոր լռություն է լինում կամ գոնե պոետիկ շշունջ, իսկ այն, ինչ ներս մտնելուց ի վեր սղոցում էր լսելիքս, հեռու է ոչ միայն բանաստեղծական լինելուց, այլ նաև մարդկային ուղեղում տեղավորվելուց: Իսկ Խայամն ասում է՝«Սիրտ մաշելուց զատ վիշտն արդյունք չունի»: Բա սիրտ մնաց, որ մի հատ էլ արդյունք տա՞: Կանխավ երիցս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ գուցե և ոչ պատշաճ արտահայտվել ընթերցասրահի հարևանիս մասին, բայց դե... մինչև ե՞րբ: Միշտ էլ սիրել եմ կարգ ու կանոն: Ինձ համար ամեն բան պետք է իր տեղում լինի. եթե գրել, ապա միայն գեղեցիկ, մաքուր, եթե խոզանակ է, այն պետք է լոգասենյակում լինի, եթե հագուստ՝ պահարանում, իսկ եթե գրադարանի ընթերցասրահում ես, ըստ տրամաբանության՝ պետք է ընթերցես, զրուցելու դեպքում էլ գոնե կողքիններիդ չխանգարես:
Մարդուն մի չափիր դու ճարտարությամբ...
Ամեն դեպքում՝ փորձում եմ «հավաքել ինձ» ու գործս առաջ տանել, երբեմն մի քանի անգամ վերընթերցելով քառյակը... չէ՜, հիմա վեր կկենամ ու... շարունակում եմ կարդալ
Կրծիր, թե... չկաս, բայց քանի որ կաս՝ երջանիկ եղի՛ր:
Ճիշտ ժամանակին ու տեղին հայտնվեց այս տողը: Փորձեցի կարծել, որ «չկամ», իսկ եթե «կամ», ապա կողքիններս չկան: Բայց չէ, ոնց կլինի: Հազարից մեկ ժամանակ եմ գտել սենյակիս հատակին նստելու փոխարեն ընթերցասրահում մի հաճելի ժամ անցկացնել, այն էլ... հանկարծ ինձ բոլորովին չհետաքրքրող, սակայն անընդհատ խանգարող խոսակցությունից մի պատառիկ գրավեց ուշադրությունս. շտապեցի գրի առնել բառ առ բառ. (դե... մասնագիտական է, ինչ արած). «Էս երիտասարդները, որ հիմա ստեղ նստած կարդում են, սա, կներեք, կարդում են, որ գնան ընդեղ թվանշան ստանան, իսկ ես իմ հոգու համար եմ կարդում»...
Մեղա-մեղա...լավ է գոնե լրագրող եմ, ընդամենը գրի առա ասածները, բա որ ասենք կառատեիստ լինեի.... պատկերացնել անգամ չեմ ուզում :Ճ
Ատամներս կրճտացնելով թերթում եմ հաջորդ էջը.
Քո կյանքն անցավոր զուր քամուն մի տուր:
Հակառակի պես քննական շրջան է: Կարդալուն զուգահեռ երբեմն գրառումներ եմ կատարում տետրում: Այ թե վերջին պահին լեկցիա բացող ուսանողի տեսք ունեի, իսկը «գնահատականի համար զուբրիտ անող»: Դեռ դպրոցական տարիներից մի բան որ չեմ սիրել, չեմ սովորել, հենց դրա համար էլ այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որի ցանկացած տարրն ինձ հարազատ ու սիրելի լինի ու հաճույքով սովորեմ, բայց արի ու տես, որ այսօր ինչ-որ մեկն աչքի պոչով ինձ հետևելով հետևություններ է անում ու այն դեպքում, երբ վաղուց արդեն բոլոր գնահատականներս, դիմլոպս ու վկայականս ստացել եմ և դեռ աշխատանքային փորձս էլ վրադիր:
Միայն ինձ համար չէ, որ այսպես նյարդայնացել էի: Ինձ պես շատ-շատերը հաստատ կան, որ կարդում են ընթերցասրահի պարոնի ասած՝ «իրենց հոգու համար» ( թե չէ ես էլ դասախոսի հոգին նվաճելու համար էի կարդում հա՞):
Հարգելի ավագ սերունդ, Ձեր ապրած տարիների ու կյանքի փորձի չափ հարգում ու ընդունում եմ Ձեզ, բայց սերնդակիցներիս հանդեպ Ձեր թերահավատությունն արդեն լցնում է համբերության բաժակը, լավ էլի: Ախր չեմ ուզում շատ «մանրանամ»: Ես չէ, որ պետք է այս ամենը բացատրեմ: Հա, թող մի քիչ էլ մեքենայացված, բայց հո խելացի սերունդ է ու ԲԱՎԱԿԱՆ Է ԱՄԵՆ ՊԱՏԵՀ ՈՒ ԱՆՊԱՏԵՀ ԱՌԻԹՆԵՐՈՎ ՓՆՈՎԵՔ, ԹԵ ՉԵՆՔ ԿԱՐԴՈՒՄ...
Մի դեպք հիշեցի. մոտ մեկ տարի առաջ, երբ իմ անդրանիկ ռեպորտաժի համար հարցում էի անցկացնում, տեսախցիկն անջատելուց հետո, զրուցակիցս (տարիքով բավականին մեծ), մի տեսակ հեգնանքով հարցրեց. «Աղջիկ ջան, օրինակ դու, կարդու՞մ ես»: Մի քանի անվանում բավական եղավ պապիկի մտահոգությունը փարատելու համար...
Ընթերցասրահում էլ ինձ զսպում էի, որ նույնը չկրկնեմ. ինչպես ասում են «պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»: Բայց գոնե գրառում կատարելով ուզում էի մի քանի «ճակատ ի մի բերելով» պատին գոնե ճեղքեր թողնել:
Հ.Գ. Ջուրը կաթիլ-կաթիլ քար է ծակում...
0 коммент.:
Отправить комментарий